Գյումրու Սև բերդը նոր շունչ է ստանում. ամրոցը երեկ և այսօր

11:16, Նյմ 21, 2017


Գյումրի քաղաքի Սև բերդ կոչվող ամրոցն այսօր արդեն գործում է որպես մշակութային կենտրոն։
«Արմենպրես»ի հաղորդմամբ, ամրոցի ներսում՝ երկրորդ հարկում, նորոգվում են նաև սենյակներ, որոնք նախատեսվում է հետագայում դարձնել հյուրանոցային համարներ։ Համարների ձևավորումները նվիրվելու են այն քաղաքներին, որտեղից Հայաստանը օգնություն է ստացել 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժից հետո։
«Արմենպրես»-ի թղթակցի հետ Սև բերդի տարածքով զբոսնելիս Գյումրու քաղաքապետարանի արտաքին կապերի ու ծրագրերի բաժնի մասնագետ Արմեն Հովսեփյանը ներկայացրեց շենքի ողջ պատմությունը 1830 թվականներից մինչ այսօր։


… Շենքը կառուցվել է 1830-ական թվականներին Նիկոլայ առաջինի որոշմամբ։ Այն եղել է պաշտպանական կառույց և կոչվել է Սև ղուլ (Սև բերդ)։ Ոչ այնքան մեծ հեռավորությամբ տեղակայված է մեկ այլ բերդ, որը նույնպես եղել է ամրոց և կոչվել է Կարմիր բերդ։ Երկու շինություններն էլ պատկանել են Ռուսաստանի կայսրությանը, և այժմ Կարմիր բերդի տարածքում է գտնվում 102-րդ ռուսական ռազմաբազան, որը Հայաստանում ամենամեծն է։ Այդ տարիներին Ալեքսանդր թագավորը փոխում է Գյումրու անունն իր կնոջ՝ Ալեքսանդրայի անունով, իսկ Կարմիր բերդի ներսում կառուցում է ռուսական եկեղեցի, որն անվանում է Սուրբ Ալեքսանդրա։ Այժմ եկեղեցին կա և գործում է հենց ռազմաբազայի տարածքում։


Սև բերդի ստորգետնյա ուղիները տանում են դեպի «Մայր Հայաստան» հուշարձան և Կարմիր բերդ։
Ծանոթացնելով բերդի ամեն մասին ու կարևոր հատվածներին՝ Գյումրու քաղաքապետարանի աշխատակիցը նկատեց, որ Սև ամրոցի բաց տարածքում գտնվում է սուրբ սեղան, որը պատրաստվել է 2016 թվականին, երբ Հռոմի պապը Գյումրի էր այցելել։ Սեղանը տեղադրված է հատուկ բեմ-խորանի հենց մեջտեղում, որը նույնպես այդ ժամանակ է կառուցվել։ Խորանի պատերին փակցված են այդ օրն արված լուսանկարները։
Բերդ մուտք գործելիս տեսնում ենք հսկայական կլոր բեմ, որը նախատեսված է համերգների համար։
Ամրոցի ներսում շրջելիս կարծես հայտնված լինես մոտ երկու դար առաջ ինչ-որ մի ժամանակահատվածում՝ կլոր ամրոց, սև քարեր, պատերից կախված ջահեր, ջրհոր և այլն։


Ջրհորն ունի 30 մետր խորություն։ Այնտեղից նախկինում զինվորները ջուր են վերցրել։ Բերդի պատերին տեղ-տեղ փորագրություններ կան, որոնք արել են ռուս զինվորները՝ գրելով իրենց անունները և այն քաղաքների անվանումները, որտեղից եկել են։
Բերդի տարածքից գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի քաղաքի տարբեր հատվածներ՝ նորակառույց Մուշ թաղամաս, Կարմիր բերդ, երևում են եկեղեցիներ, Ախուրյան գետը։
Նյութը պատրաստվել է «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի, Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի և Գյումրու քաղաքապետարանի աջակցությամբ։

Լիլիթ Դեմուրյան

 

Դիտվել է՝ 17 անգամ

Առնչվող թեմաներ