Ռոք և փոփ մեղեդիները մեկ հարկի տակ. Սեբուն, «Վիզա»-ն ու Ջիվան Գասպարյան կրտսերը անմոռանալի երեկո պարգևեցին

10:00, Նյմ 21, 2017


Սեբուն, «Վիզա» խումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը մեծ բավականություն պատճառեցին իրենց երկրպագուներին նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած համերգին:

Ծրագրի առաջին հատվածում հանդես եկավ Սեբուն: Նա դաշնամուրի ուղեկցությամբ կատարեց սիրված երգեր, որոնք երաժշտասերները բուռն ծափահարություններով ընդունեցին: Սեբուն ընդգծեց, որ շատ է կարևորում տարբեր երգիչ-երգչուհիների հետ համագործակցությունը, որի արդյունքում հրաշալի ստեղծագործություններ են ծնվում: Ներկաներին անակնկալ մատուցեց երգչուհի Սիրուշոն. նա Սեբուհի հետ երկու դուետով հանդես եկավ:

Սեբուի մեղեդային կատարումներին հակադրվեց կատաղի ռոքը՝ հագեցած ֆոլկ երաժշտության տարրերով: «Վիզա» ռոք խումբը, Ջիվան Գասպարյան կրտսերը էներգետիկ, խենթ հնչյուններով ռոքի և հայկական ֆոլկ երաժշտության երկրպագուներին ստիպեցին վեր կենալ տեղից ու մոտենալ բեմին:

«Ծնունդով Հունաստանից եմ և Հայաստանում ինձ զգում եմ այնպես, ինչպես իմ տանը: Մեծ բավականություն ստացա այս գեղեցիկ երեկոյից ու անչափ շնորհակալ եմ կազմակերպիչներին, որոնց շնորհիվ այստեղ ենք, այս բեմում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱՄՆ-ում ստեղծված և գործող «Վիզա» խմբի վոկալիստ և կիթառահար Քնոուփ Թոմոփոուլոսը:

Համերգային ծրագրի ավարտին խմբի թմբկահարը հարվածային գործիքների փայտիկները նետեց երկրպագուներին, որոնք մեծ խանդավառությամբ վերցրեցին դրանք:

Սեբուն բնակվում է ԱՄՆ-ում: Նա Գրեմմիի դափնեկիր «Capital Cities» խմբի մեներգիչներից է, ով հայաստանյան լսարանին հայտնի դարձավ «Safe and Sound» երգով և Սիրուշոյի հետ կատարած «Վույ աման» դուետով: Հայաստան սկսել է այցելել 1990-ականներից: Այս անգամ Հայաստան է ժամանել ընտանիքի անդամների հետ և պատրաստվում է ձմեռն անցկացնել հայրենիքում:

«Վիզա»-ն ամերիկյան հանրահայտ ռոք խումբ է, որի պրոդյուսինգային գործունեությունը երկար տարիներ գլխավորել է Սերժ Թանկյանը: Խմբի ռոքային կատարումները հարուստ են ֆոլկ երաժշտության բնորոշ բազմաթիվ տարրերով, հայկական դուդուկի հնչյուններով: Խմբի դուդուկահարը Ջիվան Գասպարյան կրտսերն է:
Համերգին Ջիվանը կատարումներով հանդես եկավ ինչպես իր խմբի, այնպես էլ` Հայաստանում և աշխարհում ճանաչում վայելող Սեբուի հետ: Սա դուդուկի՝ հայկական ֆոլկի յուրօրինակ միաձուլում է ամերիկյան փոփ երաժշտության հետ:

Դիտվել է՝ 12 անգամ