Հայաստանի հագուստ և կոշիկ արտադրող ընկերությունները ներկայացվել են թեթև արդյունաբերության միջազգային գործարար հարթակում

17:27, Նյմ 17, 2017


Մոսկվայում նոյեմբերի 15-ից 16-ը կայացած Bee-Together թեթև արդյունաբերության գործարար հարթակում, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ համատեղ իրականացվող ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ/UNIDO) «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագրի շրջանակներում, արդեն 4-րդ անգամ ներկայացվել են Հայաստանի հագուստ և կոշիկ արտադրող ընկերությունները:  Այս տարի Հայաստանից միջոցառմանը մասնակցել են 24 ընկերություններ։ Bee-together-ը գործարար հարթակ է, որտեղ արտադրողներին հնարավորություն է ընձեռվում հանդիպելու Ռուսաստանի հագուստի և կոշիկի առաջատար ապրանքանիշերի ներկայացուցիչների հետ և բանակցելու արտադրական ծառայությունների մատուցման շուրջ (аутсорсинг/outsourcing): Այս տարի Bee-Together գործարար հարթակին մասնակցել են 100-ից ավելի արտադրողներ շուրջ 10 երկրից: Այս մասին  տեղեկացրին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

ՄԱԱԶԿ ծրագրի շարունակականության շնորհիվ, հայաստանյան ընկերություններին հաջողվել է համագործակցություն հաստատել Ռուսաստանի հագուստի և կոշիկի խոշորագույն ապրանքանիշերը ներկայացնող կազմակերպությունների հետ և կնքել արտահանման պայմանագրեր:

Միջոցառման շրջանակում կայացել են շուրջ 30 հանդիպումներ: Ռուսաստանյան ընկերությունները մեծ հետաքրքրվածություն են ցուցաբերել՝ տեղադրելու իրենց արտադրական պատվերները  Հայաստանի ձեռնարկություններում: Ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ, ակկնկալվում է նոր պայմանագրերի կնքում:

ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության «Հայաստանի արտահանման ուղղվածություն ունեցող ճյուղերի մրցունակության բարձրացում արդիականացման և շուկան մատչելի դարձնելու միջոցով» ծրագիրը բազմակողմանի փորձագիտական աջակցություն է տրամադրում արտադրողներին, այդ թվում՝ մարքեթինգային, իրավաբանական, ֆինանսական կառավարման, կադրերի ապահովման, նմուշների պատրաստման, հումքի ձեռքբերման, արտադրության կազմակերպման, արտադրանքի որակի վերահսկման և այլ հարցերում:

Դիտվել է՝ 5 անգամ

Առնչվող թեմաներ