Թուրքիայի ՆԳՆ-ն պատրիարքի ընտրության հարցով հայտարարություն կանի. Շիրինօղլուն հայտնել է հանդիպման մանրամասները

17:00, Նյմ 17, 2017


Ստամբուլի հայկական Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հայտնել է մի շարք մանրամասներ նոյեմբերի 15-ին Անկարայում փոխվարչապետ Հաքան Չավուշօղլուի և նախագահ Էրդողանի որոշ խորհրդականների հետ հանդիպման վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Շիրինօղլուն հայտնել է, որ Անկարա գնալու պատճառը Չավուշօղլուին նոր պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորելն է եղել (խմբ.- Հաքան Չավուշօղլուն փոխվարչապետի պաշտոնին է նշանակվել 2017 թվականի հուլիսի 19-ին):

Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահը տեղեկացրել է, որ ցանկություն է ունեցել հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, սակայն հանդիպումը չի կայացել, քանի որ նախագահը գտնվել է Կատարում:

«Խնդրեցի, որպեսզի շուտափույթ կերպով որոշում կայացվի պատրիարքական ընտրության վերաբերյալ, սակայն Չավուշօղլուն հայտնեց, որ պատրիարքի ընտրության հարցով զբաղվում է ներքին գործերի նախարարությունը: Նաև տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս նախարարությունն այս հարցով հանդես կգա հայտարարությամբ»,- ասել է Շիրինօղլուն:

Չավուշօղլուի հետ հանդիպմանը հաջորդել է հանդիպումն Էրդողանի խորհրդականների հետ: Նա հայտնել է, որ այդ հանդիպման ժամանակ որևէ քննարկում հայ համայնքի վերաբերյալ չի եղել:

Պետրոս Շիրինօղլուն հայտնի է Թուրքիայի իշխող շրջանակների հետ սերտ հարաբերություններով: 2017 թվականի  հունվարի 18-ին նա նախագահական պալատում հանդիպել էր Էրդողանի հետ: Վերջինս խոստացել էր Պոլսո Հայոց պատրիարքի ընտրությունների հարցով զբաղվել ապրիլին նախատեսվող սահմանադրական հանրաքվեից հետո: Այդուհանդերձ, նոր պատրիարք ընտրելու գործընթացը մինչ օրս մնում է չհանգուցալուծված:

Ուշագրավ է նաև այն, որ Շիրինօղլուն բազմիցս խոսել է Բեքչյանի՝ պատրիարքական տեղապահի պաշտոնից հրաժարվելու անհրաժեշտության մասին: Նա հայտնի է նաև մեծ ճնշման ներքո Պոլսո պատրիարքական փոխանորդի պաշտոնից հեռանալու մասին հայտարարած Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի հետ ունեցած սերտ կապերով:

Դիտվել է՝ 6 անգամ

Առնչվող թեմաներ