Լրագրողները պետք է զբաղվեն իրենց երկրների տնտեսական հետաքրքրությունների քարոզչությամբ. Դմիտրի Ժուկ

16:52, Նյմ 17, 2017


Լրագրողները պետք է զբաղվեն իրենց երկրների տնտեսական հետաքրքրությունների քարոզչությամբ: Հանրությունը պետք է իրազեկված լինի ԵԱՏՄ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներին:  «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» թեմայով մեդիաֆորումում նման տեսակետ հայտնեց բելառուսական «Բելտա» գործակալության տնօրեն Դմիտրի Ժուկը:

«Որոշ մարդիկ անտեղյակ են տեղի ունեցող գործընթացներին: Հանրությունը պետք է իրազեկված լինի ԵԱՏՄ-ում տեղի ունեցող բոլոր գործընթացներին: Պետք է հասկանանք, որ մենք ինտեգրված ենք, ունենք կապեր և այլն»,-ասաց Ժուկն ու հավելեց` լրագրողները պետք է քարոզչություն կատարեն:

Նրա կարծիքով` քարոզչություն բառից չպետք է վախենալ: Այն ընդհանուր հասկացություն է, որը հատուկ է ինֆորմացիայի փոխանակման յուրաքանչյուր գործընթացի:

«Միայն գործարարներին ինտեգրացիոն, ԵԱՏՄ-ում տեղի ունեցող գործընթացներին ծանոթացնելը մեր առաջնային նպատակը չէ: Դրանց մասին քաղաքացիներին տեղեկացնելն է մեր առաջնային պատասխանատվությունը»,-նշեց Ժուկը:

 «ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում ինտեգրացիոն գործընթացների լուսաբանումը» թեմայով մեդիաֆորումը կազմակերպել են «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը և ԱՊՀ երկրների ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղը: Մասնակցում են առաջատար մեդիա-փորձագետներ, քաղաքագետներ ու քաղաքական գործիչներ Հայաստանից, Ռուսաստանից, Բելառուսից ու Ղազախստանից, որոնք ի մի կբերեն ինտեգրացիոն գործընթացների միտումները, հեռանկարներն ու լուսաբանման առանձնահատկությունները:

Համաժողովի ընթացքում «Արմենպրես» լրատվական գործակալության և Բելառուսի «ԲԵԼՏԱ» պետական լրատվական գործակալության միջև ստորագրվեց համագործակցության հուշագիր:

Դիտվել է՝ 13 անգամ