Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի հյուրերն ու բացառիկ համերգները

19:55, Հկտ 30, 2017


 

Մի քանի շաբաթ է՝ ընթանում է Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը: Այն տևելու է մինչև դեկտեմբերի 11-ը: Թե ինչպիսի համերգային երեկոներ են նախատեսվում և ովքեր կժամանեն Հայաստան փառատոնի շրջանակներում, կներկայացնի Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Նախագծերի և տուրերի դեպարտամենտի ղեկավար Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի նախագծի ղեկավար Սոնա Մատինյանը:
-Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնն ընթացքի մեջ է: Ինչպե՞ս կգնահատեք ընթացքն ու հանրության արձագանքը:
-Արդեն 5-րդ անգամ է, ինչ իրականություն է դառնում փառատոնը: Այն նախաձեռնել և իրականացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Այս տարի ևս փառատոնային բոլոր համերգներն անցնում են լեփ-լեցուն դահլիճներում: Աստիճանաբար, փառատոնն ընդլայնում է մասնակիցների քանակը, ավելի շատ մենակատարներ են ներգրավվում: Հատկանշական է, որ Խաչատրյանի փառատոնը պետական ուշադրության է արժանանում՝ անցկացվելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո:
-Փառատոնը բավական հնչեղ սկիզբ ուներ՝ ազդարարվեց Ջոն Մալկովիչի ներկայությամբ: Ինչպիսի՞ն էին արձագանքները Ձեր տեսանկյունից:
-Ջոն Մալկովիչի ներկայությունն, ինչ խոսք, պարտավորեցնող էր Փառատոնի բացման արարողությանը: Մենք ուրախ ենք, որ հանդիսատեսը բարձր գնահատեց այն ջերմությունն ու գաղափարախոսությունը, որ ներկայացրեց Մալկովիչն իր ելույթով: Հատկանշական էր մասնավորապես Մալկովիչի հատուկ ելույթը, որը կարելի է և համաշխարհային պրեմիերա անվանել: Խոսքը Նարեկացու Մատյան ողբերգության պոեմից հատվածի ընթերցումն էր:
-Ի՞նչ բաղադրիչներ ունի այս տարվա փառատոնը:
-Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնը կազմված, պլանավորված է միջազգային նմանատիպ բարձրակարգ փառատոնների սկզբունքներին ու չափանիշներին համապատասխան: Մենք միևնույն փառատոնային տանիքի ներքո ենք միավորել ժամանակակից դասական մենակատարներին և համույթներին: Փառատոնային 20 համերգի ընթացքում ունենք շուրջ 10 երկրից ժամանած այնպիսի դասական աստղեր, որոնք պահանջված ու սիրված են ամբողջ աշխարհում: Արդեն կայացել են Երիտասարդական պետական նվագախմբի Պղնձափողային կազմի ելույթը, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25-ամյակին նվիրված համերգը Մամիկոն Նահապետովի և Դիմիտրի Բոքոլիշվլիու մասնակցությամբ, Հովեր երգախմբի ելույթը: Փառատոնի ընթացքում ելույթներ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի Հարությունյան կվարտետը, Օտրի Տրիոն, Դանիել Երաժիշտը՝ արքայական համերգով, Նաղաշ անսամբլը:
-Ի՞նչ կամերային համերգներ են նախատեսվում առաջիկայում:
– Փառատոնի ընթացքում կշարունակվեն ինչպես կամերային, այնպես էլ սիմֆոնիկ համերգները: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նոյեմբերի 1-ին կկայանա Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախմբի տրիոյի ելույթը՝ հագեցած ու գեղեցիկ ծրագրով: Նշենք, որ Փառատոնը նվիրված է մեծանուն հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200 ամյակին: Այս կապակցությամբ կամերային համերգային երեկոներ կկայանան նաև Հայաստանի ազգային պատկերասրահում՝ Այվազովսկու ցուցասրահում:
-Ինչպիսի՞ սիմֆոնիկ մենահամերգներ են ակնկալվում:
-Պլանավորված են Մարկ Բուշկովի, Հայկ Մելիքյանի, Վլադիմիր Բայկովի, Հրաչյա Ավանեսյանի մենահամերգները: Այս տարի ևս հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա մասնակիցը դառնալ ջազ-հրավառության՝ նոյեմբերի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հնարավորություն ունենք մասնակիցը դառնալ Խաչատրյանը և ջազը նախագծին՝ Վահագն Հայրապետյանի, Արմեն Հյուսնունցի մենակատարմամբ, դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան:

Դիտվել է՝ 134 անգամ

Առնչվող թեմաներ