Նոր կինոթատրոնի կառուցումից մինչեւ հանրահայտ բրենդերի ներմուծում. Սյունիքը դեպի առաջ քայլեր է կատարում

12:12, Հկտ 7, 2017


Կապանցիները շատ շուտով հնարավորություն կունենան վայելելու արտասահմանյան եւ  տեղական արտադրության ֆիլմերը իրենց քաղաքի կինոթատրոնում, որը գործելու է ամենախոշոր  առեւտրի կենտրոններից մեկում՝ «Կապան մոլ»-ում: լրագրողների հետ զրույցում այս մասին տեղեկացրեց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը: Նա ընդգծեց, որ Կապանում կինոթատրոն գործել է խորհրդային տարիներին, իսկ նախորդ  25 տարիների ընթացքում բնակիչները կինոթատրոնում ֆիլմեր դիտելու հնարավորություն չեն ունեցել:

«Շաբաթ-կիրակի օրերին սոցիալապես անապահով ընտանիքների համար այն լինելու է անվճար: Երեխաներին ապահովելու ենք տրանսպորտով»,-տեղեկացրեց մարզպետը:

Նրա հավաստմամբ՝ կինոթատրոնի բացումը միտված է հատկապես երիտասարդների առօրյան ավելի հետաքրքիր ու բազմազան դարձնելուն: Կից գործելու է նաեւ սրճարան: Մարզպետը նշեց, որ նա եւս սիրում է ընտանիքի անդամների հետ ֆիլմեր դիտել կինոթատրոնում:

«Իհարկե, խոսքը որակյալ ֆիլմերի մասին է: Ավանդույթը ցանկանում ենք Կապան բերել: Ցանկանում ենք մինչեւ Ամանոր կինոթատրոնը Կապանին նվեր մատուցել»,-նշեց Վահե Հակոբյանը:

Նրա տեղեկացմամբ՝ կինոթատրոնը հագեցած է լինելու միջազգային ստանդարտներին համապատասխանող գերմանական արտադրության կինոտեխնիկայով։ Ձեռք են բերվել պայամանավորվածություններ մի շարք միջազգային կինոմատակարարների հետ,ինչը հնարավաորություն կտա Կապանում ցուցադրել արտասահմանյան արտադրության լավագույն ֆիլմերը։ 

«Կինոթատրոնն ունենալու է նվազագույնը 10 աշխատակից»,-նշեց նա:

«Կապան մոլ»-ում նաեւ գործելու է Աութլեթ-խանութը, որտեղ ներկայացված է լինելու Zara, Bershka, Stradivarius, Pull and Bear, Oysho, Topshop, Newlook և այլ հանրահայտ բրենդերի արտադրանքը: Նշված ապրանքանիշների միակ աութլեթը  հադիսացող խանութում սյունեցիները, ինչպես նաեւ Իրանից ժամանած զբոսաշրջիկները  հնարավորություն կունենան մատչելի գներով ձեռք բերել բրենդային արտադրանք։ 

Մեղրիում կառուցվող խաղատունը նույնպես նորություն է մարզում: Վահե Հակոբյանի հավաստմամբ՝ այն նախատեսված է պարսկական շուկայի համար: 

«Ես շահագրգռեցի դրսի մի քանի ներդրողների, ովքեր պետք է գան: Առաջարկել ենք 22հարկանի շինություն, որը Մեղրիից դուրս է, հյուրանոցային 102 սենյակներով, նաեւ`ռեստորաններով»,-նշեց մարզպետը:

Դիտվել է՝ 26 անգամ