Իրավական թեմաների լուսաբանումը խնդիր լինել չի կարող, իսկ լուսաբանման որակը՝ այո. լրագրող Էլեն Առաքելյան

15:22, Հկտ 5, 2017


Վերջին տարիներին Հայաստանում զարգանում է նեղ մասնագիտական լրագրությունը։ Իրավական ոլորտի լուսաբանումը օրըստօրե մղվում է առաջին պլան և կարևոր դեր է խաղում հասարակության իրավագիտակցության բարձրացման գործում։ Ditaket.am-ը, կարևորելով այս ոլորտը, փորձել է ոլորտային որոշ հարցերի պատասխաններ ստանալ մեր գործընկեր “Փաստինֆո” գործակալության լրագրող Էլեն Առաքելյանից։

 

-Ինչու՞ընտրեցիք իրավական ոլորտի լուսաբանումը։

 

Այնպես չէ, որ լրագրողի մասնագիտություն ընտրելիս ի սկզբանե որոշել էի զբաղվել իրավական լրագրությամբ։  Տարիների ընթացքում` պրակտիկ գործունեության ժամանակ, հետաքրքրություն առաջացավ ոլորտի նկատմամբ: Իսկ արդեն 2008 թվականի մարտի 1-ի դեպքերից հետո սկսեցի ավելի մեծ ուշադրություն դարձնել այդ խնդիրներին։  Այդ ժամանակ Հանրային ռադիոյի «Ռադիո լուր» լրատվականում պրակտիկա էի անցնում:  Լրագրությամբ զբաղվելու սկզբնական փուլում՝ ոլորտային հստակ տարանջատում չկար, այլ ընտրում էի տարբեր թեմաներ. կարևորն այն էր,  որ զբաղվում էի լրագրությամբ՝ ոչ թե աշխատանքով, քանի որ լրագրությունն սոսկ աշխատանք չէ , այլ կենսակերպ:

Դառնալով հարցին՝ ասեմ, որ իրավական ոլորտի հանդեպ հետաքրքրությունն առաջացավ դաշտում պրոֆեսիոնալ մի անձի հետ ծանոթության արդյունքում։ Եթե անկեղծ, ապա նույնիսկ պահ եղավ, որ վարանեցի՝ գուցե  ոլորտի բարդության ու պատասխանատվության  պատճառով։ Սակայն  ես շնորհակալ եմ նրան իմ մեջ ոլորտի նկատմամբ մեծ հետաքրքրություն արթնացնելու, ինչու չէ նաև ինձ «կոփելու» համար, խստությունը կարծում եմ իր պտուղները տվել են։

 

-Ի՞նչ խնդիրներ եք տեսնում այսօր ոլորտում և կան արդյո՞ք խոչընդոտներ դատական գործերի լուսաբանման ժամանակ և եթե այո, ապա որոնք են դրանք:

 

Վերջին վեց տարին  կարելի է ասել լուսաբանում եմ գրեթե միայն դատաիրավական թեմաներ։ Լուսաբանման առումով խնդիրները տարբեր են։ Աշխատում եմ լուսաբանել այն քրեական գործերով դատավարությունները, որոնց անդրադարձել եմ նաև նախաքննության ընթացքում և հետևում մինչեւ վերջնական դատական ակտը։ Խնդիրները բազմաթիվ են, յուրաքանչյուր գործի հետ կապված յուրօրինակ։ Եթե խոսեմ նախաքննության ընթացքում լուսաբանումից, ապա օպերատիվության տեսանկյունից հաճախակի բախվում ենք այնպիսի խնդրի հետ, ինչպիսին է օրինակ պաշտոնական կառույցներից տեղեկատվության ճշգրտման ձգձգումը։ Ինչ վերաբերում է դատական գործերի լուսաբանմանը, ապա այստեղ պատկերն այլ է. դատարանում, եթե գործը քննվում է դռնբաց, ապա այստեղ լրագրողի համար խոչընդոտներ այդքան էլ չկան, թերևս խոչընդոտ կարող է հանդիսանալ տեսանկարահանման կամ լուսանկարհանման սահմանափակումը, սակայն հանուն արդարության պետք է նշենք, որ այս պրակտիկան կիրառվում է ոչ բոլոր դատավորների կողմից: Բայց եթե մենք խոսում ենք ոչ միայն դատական թեմաների լուսաբանումից, այլ այդ հարցերին անդրադառնում ենք նաև իրավունքի տեսանկյունից, ապա բնականաբար հասկանում ենք, որ դա նաև դատավարության կողմերի ու հատկապես մեղադրյալների, տուժողների իրավունքն է՝ համաձայնել կամ չհամաձայնել տեսանկարահանմանն ու լուսանկարահանմանը։

Կան դատավորներ, ովքեր լրագրողների՝ իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար արհեստածին խոչընդոտներ չեն ստեղծում, սակայն սա բոլորի մասին չենք կարող ասել։ Դատավորներ ունենք, որոնց ուղղակի կաշկանդում է այն փաստը, որ դահլիճում լրագրող է ներկա և նույնիսկ կողմերի կարծիքն առանց հարցնելու որոշում է սահմանափակումներ մտցնել:

Ինձ հետ տեղի ունեցած մի օրինակ կարող եմ նշել, որ դատավորը ոչ միայն պահանջեց և հրապարակեց իմ բեյջի վրա գրված ողջ տեղեկությունը, նույնիսկ հարցրեց, թե միայն  այդ օրվա նիստն եմ պատրաստվում լուսաբանել, թե  ողջ գործն եմ լուսաբանելու:

Մյուս խոչընդոտն էլ,  որ վերջին տարիներին է ուղղակի ծառացել դատական գործեր լուսաբանող լրագրողների առջև՝ դա ապակեպատ դահլիճներում գործերի լուսաբանումն է։ Թվում է թե հրապարակային է դատավարությունը, սակայն դա ընդամենը թվացյալ է։ Եթե չես կարող լսել, թե ինչ է կատարվում նիստերի դահլիճում՝ վկան, մեղադրյալը կամ տուժողը ինչ ցուցմունք տվեց, ով ինչ հայտարարությամբ, միջնորդությամբ հանդես եկավ՝ նշանակում է փաստացի հրապարակային չէ։ Մեծ է դատական գործերը ոչ ճիշտ լուսաբանելու վտանգը, մենք չենք կարող կռահելով կամ ենթադրություններով հանրությանը ներկայացնել դատական նիստը։

 

-Հետևելով Ձեր գործունեությանը՝ նկատում ենք, որ լուսաբանում եք նաև այնպիսի գործեր, որոնք հնչեղություն չունեն, ինչով է պայմանավորված:

 

Այո, ճիշտ եք նկատել։ Հնչեղություն ունեցող գործերի լուսաբանումն ավելի շատ է մեզանում, իհարկե ավելի շատ են կարդացվում նյութերը, որտեղ խոսվում է ինչ որ պաշտոնյայի գործողությունների կամ անգործությունների մասին, սակայն պետք է նաև նշեմ, որ այսպես կոչված քաղաքական նաև հնչեղություն ստացած քրեական գործերի լուսաբանումը զուտ իրավական տիրույթում շատ անշնորհակալ գործ է։ Իմ համար անընդունելի է միախառնումը և փորձում եմ այդ գործերին ևս մոտենալ միշտ իրավական պրիզմայից։ Բայց առավել  նախընտրում եմ լուսաբանել ոչ աղմկահարույց գործեր, մարդիկ ովքեր կյանքի ինչ-որ մի փուլում հայտնվել են մեղադրյալի կամ ամբաստանյալի կարգավիճակում, անդրադառնալ նրանց ճակատագրին, անդրադառնալ և հետևել նրանց իրավունքների պաշտպանությանը, ուշադրության կենտրոնում պահել տուժողներին։ Գիտեք՝ ամենօրյա աշխատանքի պարագայում երբեմն կենտրոնանում ենք միայն պաշտպանական կողմի դիտարկումների ու խնդիրների վրա, որի պատճառները տարբեր են։ Բայց դատավարությունն ունի երկու կողմ՝ նաև մեղադրանքի, որի կարգավիճակում է հանդես գալիս տուժողը։ Եվ  ամենակարևոր խնդիրներից մեկը կարծում եմ հենց տուժողի և մեղադրյալի իրավունքների հավասարակշռված պահպանումն է, նրանց խնդիրներին հավասարաչափ անդրադառնալը, որպեսզի ինքներս էլ չդառնանք կողմ:

 

– Վերջին տարիներին կարծես թե ինչպես մեզանում այնպես էլ ողջ աշխարհում լրատվության  մեջ գերիշխում են իրավական ոլորտի նյութերը, ի՞նչով է սա պայմանավորված, հանցագործություններ են շատացել դա է պատճառը, որ ավելի շատ է լուսաբանվում, թե ավելի շատ է հասարակությանն այդ թեմաները հետաքրքրում:

 

Հանցագործությունների թվի աճի կամ նվազման մասին ես չէ, որ պետք է կարծիք հայտնեմ, ուժային կառույցներն իրենց տարեկան զեկույցներում ամփոփ տվյալներ ներկայացնում են։ Ըստ այդ տվյալների՝ հանցագործությունների թիվը չի աճել, քանի դեռ չունեմ այլ տվյալ` չեմ կարող հրապարակված պաշտոնական տվյալները վիճարկել, սակայն իմ կողմից լուսաբանվող թեմաները ինձ իրավունք են տալիս ասել, որ փոխվել է բնույթը, դարձել են ավելի դաժան՝ մի քանի մարդու սպանություն գերեզմանատանը, կացնահարում ընտանիքի անդամի կողմից, դատապարտյալի փախուստի կազմակերպում զինված հարձակման միջոցով կամ էլ չեմ ասում նորածնին զուգարանի մեջ գցել։  Չգիտեմ կինոների ազդեցությունն է, աշխարհի հետ ինտեգրվելը, թե սոցիալական վատ պայմանները՝ բայց մի տեսակ փոփոխություն նկատում եմ և  լուսաբանումն ինքնանպատակ չպետք է լինի։ Հասարակությունն իրավունք ունի տեղեկանալ, թե իր անվտանգությունը, հասարակական կարգը ապահովելու ուղղությամբ որքանով են արդյունավետ միջոցներ իրականացվում։ Մենք այդպիսով ապահովում ենք հասարակական վերահսկողությունը  ինչպես նախաքննական մարմինների, այնպես էլ դատական իշխանության նկատմամբ։

Ինչ վերաբերում է թեմայի շուրջ հասարակության հետաքրքրությանը, ապա այո, դիտարկումը ճիշտ էր, մենք  «սիրում ենք դաժան տեսարաններ», սպանությունների, բռնաբարությունների, ընտանեկան բռնությունների մասին նյութերն ավելի շատ են կարդում, բայց ոչ թե պետք է կենտրոնանալ այն հանգամանքի վրա, որ այդ նյութերն ավելի շատ են կարդում, այլ պետք է դրանց իրազեկումը նաև նպատակային լինի։ Մի կողմից ներկայացնում ենք, թե ինչ է կատարվում, մյուս կողմից՝ բացահայտվում են, թե ոչ և ինչու։ Այսօր մոդայիկ է դարձել լուսաբանման վրա դնել շատ և շատ այլ հանցագործությունների կատարումը։ Համամիտ չեմ, այո, խնդիր կա լուսաբանման որակի առումով՝ երբ հեգնում ես, թե ինչպես է կինը բողոքել նախկին ամուսնու դեմ, թե իրեն բռնաբարել է ու հրապարակում ամուսինների անունները, այսինքն անհատական տվյալները՝ այդպիսով ոչ միայն ներխուժելով նրանց անձնական կյանք, այլ նաև ծաղրել, ապա սա կարող է ստիպել շատերին հեռու մնալ իրավապահներից և չահազանգել՝ համընդհանուր ծաղրի առարկա չդառնալու համար։ Իսկ երբ նույն հարցին մոտենում ես այլ տեսանկյունից, թե ինչպես է կինը բռնության ենթարկվել և ինչ քայլեր են ձեռնարկվել՝ մարդկանց անունը գաղտնի պահելով՝ կարծում եմ նպաստում ենք, որ դրանք բացահայտվեն  և մարդիկ համարձակություն ունենան դիմել իրավապահներին։ Լուսաբանումը խնդիր լինել չի կարող, իսկ լուսաբանման որակը՝ այո, դա իմ անձնական կարծիքն է։

 

՞նչ միտում եք տեսնում, արդյո՞ք հանցագործությունների այդչափ լուսաբանումը նպաստում  է դրանց հետագա կանխմանը:

 

Կարծում եմ այս մասին խոսեցինք մի քիչ։ Բայց վստահաբար կարող եմ ասել, որ լուսաբանումը կարող է կանխարգելիչ դեր կատարել։  Օրինակով նշեմ, որ հանցագործությունների մի նոր տեսակ է զարգանում, երբ սոցցանցերի միջոցով առաջին հայացքից թվացյալ անկեղծ ծանոթությունն ու խոստումներն ավարտվում է շորթմամբ ու շանտաժի եղանակով գումարների կորզմամբ, այստեղ մեծ է լրատվամիջոցների դերը, հանրության պատշած իրազեկումը թույլ կտա զերծ մնալ հացագործի ծուղակում հայտնվելուց:

 

Ըստ Ձեզ՝ պետական կառույցներն ավելի թափանցիկ են աշխատում, թե կան որոշ հարցերի շրջանակ որոնց վերաբերյալ տեղեկության տրամադրումը սահմանափակ է կամ ընդհանրապես չի տրամադրվում:

 

Իրավական ոլորտի կառույցներն ավելի թափանցիկ են, կա փաստ և դրան առնչվող հանգամանքներ, այլ հարց է, երբ գործի քննության շահից ելնելով պահանջվող տեղեկությունը հնարավոր է և ողջ ծավալով չտրամադրվի, բայց այն որ նախկինում կար մի ստանդարտ ձևակերպում, երբ նախաքննության տվյալ հասկացողության տակ մտցվում էր ողջ ինֆորմացիան, և տեղեկությունը չէր տրամադրվում` այսօր կարծես մոտեցումը փոխվել է:

 

Իրավական թեմաներ լուսաբանող լրագրողները ոլորտի որոշակի գիտելիքների տիրապետո՞ւմ են, գաղտնիք չէ, որ այստեղ ճշգրիտ պետք է ներկայացնել դեպքն ու դրա վերաբերյալ կատարված գործողությունների շղթան և ստեղծագործելու հնարավորությունը փոքրինչ սահմանափակ է:

 

Ճիշտ նկատեցիք, սահմանափակ է դու չես կարող կատարված հանցագործության փաստի վերաբերյալ նյութ գրել և ենթադրյալ իրավիճակ ներկայացնել, այստեղ հստակ է՝ կա դեպք, դեպքի հանգամանքներ և դրա բացահայտմանն ուղղված գոծողություններ, իսկ ոլորտը լուսաբանող լրագրողներն ունեն գիտելիքներ, որոնցով զինվել են պրակտիկ գործունեության արդյունքում: Դատական նիստերը լուսաբանելիս ևս՝ շատ կարևոր է տարբերակել ռեպորտաժի ժանրը՝ հրապարակախոսական ժանրից։ Դատական նիստերը լուսաբանելիս պետք է կարողանանք հնարավորինս օբյեկտիվ ներկայացնել իրավիճակը՝ զերծ մեր մեկնաբանություններից,  որպեսզի ընթերցողը ինքը իր կարծիքը կազմի, իսկ մեր մոտեցումն ու գնահատականները կարող ենք ներկայացնել առանձին վերլուծության կամ հրապարակախոսական նյութի միջոցով։

 

Հարցազրույցը՝ Հայկ Հակոբյանի

 

 

 

 

 

 

Դիտվել է՝ 420 անգամ