Փաստաբան Երեմ Սարգսյանի հերթական արդարացումը

19:21, Հկտ 2, 2017


Երևանի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատավոր Սերգեյ Մարաբյանն այսօր կայացված դատավճռով արդարացրել է 1 տարուց ավել կալանքի տակ գտնվող Արմեն Աբրահամյանին. նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասով և 117-րդ հոդվածով: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրառել է Աբրահամյանի պաշտպան Երեմ Սարգսյանը:

“Դատավոր Սերգեյ Մարաբյանն այսօր կայացված դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 131֊րդ հոդվածի 2֊րդ մասով և 117֊րդ հոդվածով առաջադրված մեղադրանքներում արդարացրեց 1 տարուց ավել կալանքի տակ գտնվող Արմեն Աբրահամյանին և ազատ արձակեց դատարանի դահլիճից։
Շնորհակալ եմ պարոն Մարաբյանին հերթական արդար դատական ակտը կայացնելու համար,-գրել է Երեմ Սարգսյանը։

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Աբրահամյանը հորեղբոր Գագիկ Աբրահամյանի կազմակերպմամբ, նախնական համաձայնության գալով ինքնությունը չպարզված 3 անձանց հետ, բռնության գործադրմամբ բացահայտ առևանգել են Արթուր Հարությունյանին, տեղափոխել Երևան քաղաքի Դրոյի 2 հասցեում գործող «Էրգիր» կոչվող սրճարան, որտեղ Նորայր Քոսակյանի, Գագիկ Ասատրյանի, նրա եղբոր որդի Էրիկ Ասատրյանի, վերջինիս ընկեր ՝ Լևոն Թամամյանի, Գագիկ Ասատրյանի ընկեր ոմն Արմենի, Հայկազ Միսակյանի Սարգիս Կարապետյանի և ինքնությունը չպարզված մի խումբ այլ անձանց հետ ծեծի են ենթարկել Արթուր Հարությունյանին, վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով: