Պուտինն ու Էրդողանը քննարկել են Իրաքի և Սիրիայի շուրջ զարգացումները

14:27, Սպտ 29, 2017


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Անկարայում այցով գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը իրենց աջակցությունն են հայտնել Իրաքին՝ այդ երկրի տարածքային ամբողջականության հարցում: Ինչպես հաղորդում է թուրքական «Անադոլու»-ն, այս մասին նախագահները հայտնել են սեպտեմբերի 28-ին Անկարայում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք համակարծիք ենք Իրաքի և Սիրիայի տարածքային ամբողջականության հարցերում: Իրաքում տեղի ունեցած հանրաքվեն սահմանադրության և միջազգային իրավունքի տեսանկյունից որևէ օրինականություն չունի»,- հայտարարել է Էրդողանը:
Պուտինը ևս ընդգծել է, որ Իրաքյան Քրդստանում իրականացված հանրաքվեի հարցը քննարկվել է Էրդողանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ: Նա հավելել է, որ այս հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումն արտահայտվել է իր երկրի արտգործնախարարության հայտարարության մեջ:
Անդրադառնալով սիրիական հակամարտությանը՝ Պուտինը հայտնել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցում երկու երկրի ԱԳ նախարարների, բարձրաստիճան զինվորականության և հետախուզական ծառայությունների միջև ավելի ինտենսիվ աշխատանք տանելու շուրջ: