Մարտունի քաղաքում բացվել է հայկական լեռնաշխարհի Վիշապաքարերի ցուցահանդես

17:44, Սպտ 26, 2017


ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության կողմից արդեն մի քանի տարի է, ինչ մարզի Մարտունի քաղաքի մշակույթի տանը կազմակերպվում է պատմության եւ մշակույթի հուշարձանների լուսանկարների ցուցադրություն:
Ինչպես  տեղեկացրեց ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, այս տարի ցուցահանդեսը կազմակերպվել է հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի լուսանկարներով` «Հայկական լեռնաշխարհի քարակերտ գանձերը» խորագրի ներքո: Ցուցահանդեսի բացմանը ներկա էին գտնվել Մարտունու քաղաքապետի տեղակալ Հովսեփ Տոնոյանը, ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի հուշարձանների պահպանության գործակալության Կոտայք-Գեղարքունիք մարզերի տարածքային բաժնի գլխավոր մասնագետ Նորիկ Հազեյանը, քաղաքի կրթամշակութային հաստատությունների ներկայացուցիչներ: Արդեն մի քանի օր է, ինչ Մարտունու եւ տարածքի համայնքների մանկավարժները, դպրոցների եւ քոլեջների աշակերտներն այցելում են ցուցահանդես՝ ծանոթանալու Հայկական լեռնաշխարհում հեռավոր հնադարում կերտված հուշարձանների լուսանկարներին:
«Վիշապաքարերը մեգալիթյան հուշարձաններ են, որոնք կերտված են մեկ ամբողջական քարից, մեզանից մի քանի հազար տարի առաջ, հեթանոսական ժամանակաշրջանում: Դրանք կարող են ունենալ ավելի քան 5 մետր բարձրություն: «Վիշապները» լինում են հիմնականում երեք տիպի. ցլակերպ, ձկնակերպ եւ ձկնացլակերպ: Դրանք, որպես պաշտամունքի առարկաներ, հանդիսացել են պտղաբերության ու առատության խորհրդանիշ եւ տեղադրվել են աղբյուրների ակունքների, ջրամբարների մոտ: Ի դեպ, «վիշապները» ներհատուկ են միայն Հայկական լեռնաշխարհին: Մինչ օրս հայտնի են վիշապաքարերի 150 օրինակ, որոնցից մոտ 100-ը գտնվում են Հայաստանի Հանրապետությունում, մեծ մասամբ՝ Գեղամա լեռներում, Սեւանա լճի հյուսիս-արեւելյան ափերին, Արագած լեռան լանջերին: Նկատի ունենալով, որ վիշապաքարերի պարզ, անզարդ ձեւերը հանդիպում են առավելապես Արագածի լեռնազանգվածում, իսկ բարդ, զարդարուն ձեւերը՝ Գեղամա լեռներում, պետք է ենթադրել, որ Արագածը հանդիսանում է վիշապաքարերի ձեւավորման օրրանը, իսկ Գեղամա լեռները` «ծաղկման շրջանի» էպիկենտրոնը»,- պատմեց Գոռ Գասպարյանը:

Վիշապաքարերի մասին առաջին կարեւոր տեղեկությունները տվել է գրող Ատրպետը, իսկ առաջին լուրջ ուսումնասիրությունները վերագրվում են Ն. Մառին եւ Յ. Սմիռնովին, ովքեր 1909-1910 թվականներին Գեղամա լեռներում փաստագրել են իրենց սկզբնական տեղում գտնվող 19 վիշապաքար:
Գեղարքունիքի մարզի պատմության հուշարձանների պահպանության պատասխանատուները կարեւորեցին այն հանգամանքը, որ տեղահանված եւ այլ վայրեր տեղափոխված «վիշապները» անհրաժեշտ է վերադարձնել իրենց նախնական վայր, քանի որ այդ դեպքում հնագիտական տուրիզմը կաշխուժանա մարզի ամենատարբեր վայրերում, այն տեղերում, ուր կերտվել են մեր պատմության անկրկնելի հուշարձանները:
«Անչափ կարեւոր է նաեւ մատաղ սերնդին մեր մշակութային ժառանգությանը հաղորդակից դարձնելը: Վիշապաքարերին այժմ ծանոթանում են մեր դպրոցների աշակերտները, միջնակարգ մասնագիտական հաստատությունների ուսանողները: Առնվազն երկու շաբաթ ցուցադրությունը մնալու է տեղում, որպեսզի հետաքրքրվողները այն դիտելու հնարավորություն ունենան»,-հավելեց Գոռ Գասպարյանը: