26 տարի առաջ հայ ազգը ցուցաբերեց քաղաքական համախմբվածություն, դա ամենամեծ ձեռքբերումն է.քաղաքագետ

14:44, Սպտ 21, 2017


Քսանվեց տարի առաջ հայ ժողովուրդը ցուցաբերեց քաղաքական համախմբվածությունը, պետականամետ ազգ լինելու իր հատկությունը և կարողացավ կերտել անկախ Հայաստան: Այս մասին նշեց քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոն վարիչ Գարիկ Քեռյանն՝ անդրադառնալով սեպտեմբերի 21-ի տոնի խորհրդին, անկախ Հայաստանի անցած ուղուն:

«Հիրավի սա մեծ նվաճում է: Պատմության մեջ շատ դեպքեր են եղել, երբ փլուզվել են կայսրությունները, ազգերը մնացել են վակուումային իրավիճակում, բայց չեն ստեղծել պետություն, չեն ունեցել կառուցելու, պատմության մեջ իրենց ձեռագիրը թողնելու կարողություններ: Հայ ժողովուրդն ի սկզբանե ցույց տվեց, որ իր բոլոր արժանիքներով՝ մտավոր, ինտելեկտուալ, քաղաքական, կարող է կերտել անկախ պետականություն»,-ասաց Գարիկ Քեռյանը: Հայաստանը քաղաքակիրթ ձևով կազմակերպեց իր հանրաքվեն, քաղաքակիրթ ձևով հռչակեց անկախություն, դինամիկ կերպով ճանաչվեց աշխարհի պետությունների կողմից: Որպես անկախ պետություն՝ արժանավայել կերպով մտավ ՄԱԿ, այլ միազգային կառույցներ, կարողացավ կնքել միջպետական պայմանագրեր, դիվանագիտական հարաբերություններ հաստատել բազմաթիվ երկրների հետ: Քաղաքագետն ընդգծեց, որ այս 26 տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերումը հենց այս գործընթացն էր:

«Պետության կերտման գործում ունեցել ենք բազմաթիվ սխալներ: Դա ուներ իր և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառները: Օբյեկտիվ պատճառն այն էր, որ մի քանի հարյուրամյակ հայ ժողովուրդը գտնվել էր օտար կայսրություններում, դա էլ իր բացասական հետևանքն էր թողել մեր ազգի մտածողության, վարքի, պետական ծառայություն իրականացնելու գործընթացի վրա: Ցավով եմ նշում, որ ի տարբերություն մերձբալթյան պետությունների, որոնք շատ ավելի քիչ պետականության պատմություն ունեին, քան հայ ժողովուրդը, այդ երկրներում տեղի չունեցավ ձեռնարկությունների թալան, վայրի սեփականաշնորհում, տնտեսության մեջ ոչ շուկայական հարաբերությունների օգտագործում: Մեզ մոտ այս երևույթները տեղի տվեցին: Կարող ենք մեղադրել պետական գործիչների, կուսակցությունների, անհատ մարդանց, բայց ինձ թվում է մեղքի բաժին բոլորս ունենք, որ այդ ընթացքում մենք չկարողացանք տնտեսությունը գահավիժումից փրկել»,-ասաց նա:

Չնայած բացթողումներին՝ Գարիկ Քեռյանը նկատեց, որ 26 տարի անց նայում ենք քարտեզին, որի վրա կա Հայաստանի Հանրապետությունը, իր բանակով, իր ժողովրդով, իր պետական կառույցներով, միջպետական հարաբերություններով:

«Մեզ մնում է, անցյալի դասերը հաշվի առնելով, ավելի խոհեմ լինել, հայրենիքը դիտել, ոչ թե որպես հարստանալու օբյեկտ, այլ որպես նորանկախ գոյության արգասիք: Փայփայել, կառուցել, հզորացնել այն»,-հավելեց քաղաքագետը:

Հայաստանի Հանրապետությունը սեպտեմբերի 21-ին նշում է անկախության 26-րդ տարեդարձը: Հայ ժողովուրդը 26 տարի առաջ այս օրը հանրաքվեի միջոցով իր վճռական «այո» -ն ասաց Հայաստանի անկախությանը: Հայաստանի չափահաս բնակչության բացարձակ մեծամասնությունը «Համաձա՞յն եք, որ Հայաստանի Հանրապետությունը լինի ժողովրդավարական անկախ պետություն` ԽՍՀՄ կազմից դուրս» հարցին դրական պատասխան տվեց: Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, երկրի Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն:

Աննա Գզիրյան

Դիտվել է՝ 6 անգամ