Բանակցելու ենք այլ իրողությունների պայմաններում և պայմանավորվելու ենք այլ խնդիրների մասին. Միհրան Հակոբյանը բացում է Սերժ Սարգսյանի ելույթի քաղաքական փակագծերը

19:52, Սպտ 20, 2017


Մինչ հասարակական-քաղաքական դաշտը Գարո Փայլանի հետ սելֆիներն է վայելում, Հայաստանի ղեկավարը ՄԱԿ ամբիոնից հայտարարում է, որ մենք չենք հրաժարվելու Հայոց Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման քաղաքականությունից: Ավելին, Հայաստանն այս հարցում առաջիկայում հանդես է գալու level up նախաձեռնությամբ` բայց և ցեղասպանության հարցը Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման գործում չդարձնելով նախապայման:

Եվ, մինչ Հայաստանում մամուլը Արամ Վեհափառի ճառն են քննարկում, Նախագահ Սարգսյանը համաշխարհային քաղաքականության թիվ մեկ ամբիոնից հայտարարում է, որ «Թուրքիայի ղեկավարությունը սխալվում է, եթե մտածում է, որ ինքը կարող է առհավետ պատանդ վերցնել այդ փաստաթղթերը և վավերացնել միայն իրեն հարմար առիթով: Արձանագրությունները բանակցվել են ներկայիս պայմաններում՝ առկա խնդիրներին լուծում գտնելու համար: Դրանց կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ երկու արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ: Մենք 2018 թվականի գարուն ենք մտնելու առանց այդ, ինչպես, ցավոք սրտի, փորձը ցույց տվեց, սին արձանագրությունների»:

Եթե Նախագահի խոսքը դիվանագիտական լեկսիկոնից վերծանում ենք սովորականի, ստացվում է, որ Նախագահը թուրքերին հստակ ազդակ է հղում. կամ հիմա եկեք պայմանավորվենք, կամ հետո ուշ է լինելու, այս արձանագրությունները մեյդան չբերեք: Բանակցելու ենք այլ իրողությունների պայմաններում և պայմանավորվելու ենք այլ խնդիրների մասին: Իսկ որ տարածաշրջանում իրավիճակն ու իրողությունները փոխվում են ոչ Թուրքիայի օգտնին, դա արդեն ակնհայտ է: Ընկե՛ր Բարզանի ջան, առաջ…

Միհրան Հակոբյան