Գարեգին Մելքոնյանը կարեւոր է համարում «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP)-ի շարունակական օգտագործումը Հայաստանում

18:19, Սպտ 13, 2017


Հայաստանը «Արտոնությունների ընդհանրացված համակարգ» (GSP)-ից լավագույնս օգտվողների ցանկում է: Արտոնյալ ռեժիմով հայաստանյան ապրանքների ԱՄՆ արտահանման հնարավորություններին նվիրված համաժողովում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Արտոնությունների ընդհանրացված համակարգի շրջանակում հնարավորություն է տրվում շահառու երկրին (այս պարագայում` Հայաստանին), հայկական ծագում ունեցող ապրանքներն արտահանել ԱՄՆ զրոյական մաքսատուրքով: Հայաստանյան արտահանման կեսից ավելին իրականացվում է այս համակարգի միջոցով, այսինքն՝ այն մաքսազերծվում է ձեւական մաքսատուրքով»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ համակարգը հայաստանյան գործարարների համար շատ կարեւոր է, որովհետեւ այն նպաստում է ֆինանսների տնտեսմանը, տեղական ապրանքների՝ ԱՄՆ-ում ավելի  մատչելի գնով իրացմանը»,-նշեց Գարեգին Մելքոնյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ հատկապես 2016 թվականի առաջին կիսամյակում նկատվել է ԱՄՆ հետ առեւտրաշրջանառության աճ՝ եւ արտահանման, եւ ներմուծման մասով:

«Արդյունաբերական արտադրանքից ամենախոշորը ալյումինե նրբաթիթեղն է, որը որպես վերջնական արտադրանք արտահանվում է Միացյալ Նահանգներ: Բավականին լուրջ ծավալի արտահանում ունենք նաեւ դեպի եվրոպական երկրներ:  Կառանձնացնեմ նաեւ վերամշակված սնունդը, ադամանդագործություն եւ այլն»,-եզրափակեց նա:

 

Դիտվել է՝ 7 անգամ

Առնչվող թեմաներ