Խաչվերացի օրը ննջեցյալների շիրիմներին այցելել պետք չէ

17:00, Սպտ 13, 2017


Խաչվերացի օրը ննջեցյալների շիրիմներին այցելել պետք չէ:  Ցանկալի է տոնին նախորդող 5 օրերին պահք պահել, բարեգործություն կատարել:  սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Էրեբունիհամայնքի հոգևոր հովիվ Տեր Զգոնքահանա Աբրահամյանը խորհուրդ տվեց տոնին նաև վերականգնել ուխտագնացությունները:

«Խաչվերացը» քրիստոնյա աշխարհի տոն է: 310 թվականին Պարսկաստանի Խոսրով թագավորը բնաջնջել էր Երուսաղեմի բնակչության մեծամասնությանը և իր հետ տարել նաև Քրիստոսի խաչափայտը: Գիտակցելով բարոյական այդ վնասը՝ Հերակլ կայսրն Աստծուց օրհնություն է հայցել՝ վերադարձնելու խաչը: 628-ին Պարսկաստանի դեմ վերսկսել է պատերազմական գործողությունները հայկական զորքերի հետ և հաղթել: Խաչը մի որոշ ժամանակ հաստատվել է Կարին քաղաքում: Այդ տարածքում աղբյուր է բխել, շուրջը ռեհան աճել, եղել են բազում բժշկություններ: Սեպտեմբերի 14-ին խաչափայտը վերադարձրել են Գողգոթա: Այս կարևորագույն իրադարձությունը քրիստոնյա աշխարհը հաստատեց որպես տաղավար տոն: Եվ հայ եկեղեցին սեպտեմբերի 14-ի մոտակա օրը տոնում է այդ իրադարձությունը»,-տոնի նշանակությունը բացատրեց Զգոն քահանա Աբրահամայնն ու հավելեց՝ այս տարի այն կտոնվի սեպտեմբերի 17-ին:

Նրա խոսքով՝ պատմությունը որևէ անմիջական առնչություն չունի ննջեցյալների հետ: Պարզապես ինչպես բոլոր տաղավար տոների հաջորդ օրը՝ հաստատված է մեռելոցի օր: Տոնական օրը գերեզման այցելելը չի կարելի արդարացնել նրանով, որ նախնիներն այդպես են վարվել:

«Տոնին նախորդող հինգօրյա պահք է սահմանված: Եվ այդ պահոց օրերն ունեն իրենց կարևորագույն նշանակությունը: Պահք են պահել հացով և խաղողով կամ այլ մրգերով: Տոնական օրը ուխտագնացություն են կազմակերպել եկեղեցիներ, վանքեր: Նաև այդ օրը խորովել են ուլ և բաժանել աղքատներին իրենց հանգուցյալների հոգու հանգստության համար: Գաղափարն է կարիքավորներին կերակուր տալը: Հայաստանի տարբեր տարածաշրջաններում տարբեր կերպ են տոնել, ավանդույթները ևս տարբեր են եղել: Տարածված են նաև «Սրբխեչ» և «Ուլնոց» անվանումները»,-ասաց հոգևոր հովիվը:

Նա խորհուրդ տվեց նաև վերականգնել ուխտագնացությունները և բարեգործական հյուրասիրությունները, որ եղել են նախկինում: Ցանկալի է նաև պահք պահել տոնին նախորդող օրերին՝ գիտակցելով բարի գործեր կատարելու՝ տոնի գաղափարը:

Տոնին առավոտյան ժամը 11:00-ին պատարագ է մատուցվում, իսկ երեկոյան ժամերգությանը կից օրհնվում է  ռեհանը: Երեկոյան ժամը 17:00-ին սկսում է ժամերգությունը, և օրհնված ռեհանը մարդիկ տանում են տուն՝ հիշատակելով խաչափայտի վերադարձը: Մեռելոցի օրը ևս մատուցվում է պատարագ:

Դիտվել է՝ 18 անգամ

Առնչվող թեմաներ