Վանաձորի և Փամբակի պեղումները կարող են խթանել զբոսաշրջության զարգացումը

15:14, Սպտ 12, 2017


ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը վերսկսել է Վանաձորի և Փամբակի հովտի հուշարձանների հետազոտումը:

Ինչպես  տեղեկացրին «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժնից, հնավայրը զետեղված է Տանձուտ և Փամբակ գետերի միախառնման վայրում, Վանաձոր քաղաքի Դիմաց թաղամասի հյուսիս-արևմտյան մասում վեր բարձրացող եռանկյունաձև հատակագծով կոնաձև բլրի վրա, որը զբաղեցնում է շուրջ 30 հա տարածք: Բլրի հիմքի բարձրությունը ծ.մ. 1300 մ է, գագաթինը՝ 1380 մ:

Այն բաղկացած է միջնաբերդից, պարսպապատ քաղաքատեղիից, անպաշտպան շահաստանից և վիթխարի դամբարանադաշտից, որի տարածքում այժմ Դիմաց թաղամասի բնակելի տներն են: Կոնաձև բլուրը բաղկացած է կենտրոնական մասում վեր բարձրացող սեղանաձև գագաթով բարձունքից, որի հարավային և արևելյան մասում տարածվում է պարսպապատերով շրջափակված ընդարձակ դարավանդը: Դրանք միասին զբաղեցնում են շուրջ 40 հա տարածք:

Մինչ այժմ Վանաձորի և Փամբակի հովտի հուշարձանների հետազոտումը եղել է էպիզոդիկ և միայն 2006-2008 թթ. ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտն այստեղ իրականացրել է պեղումներ: Սակայն այս պեղումները չեն ունեցել մեծ մակերեսներ բացելու հստակ ծրագիր, այլ նախատեսված են եղել խուզահորերի միջոցով հուշարձանի շերտագրությունը բացահայտելու համար։

Լայնածավալ պեղումները հնարավորություն կընձեռեն գիտական խնդիրներից զատ խթանել զբոսաշրջության զարգացումը և նպաստել Վանաձոր քաղաքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:

Դիտվել է՝ 12 անգամ