«Ավրորա» մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում. չկրկնվող թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով

13:38, Սպտ 12, 2017


2018թ. «Ավրորա» մարդասիրական մրցանակի համար կատարվել է 750 առաջադրում, որոնցից 509-ը՝ չկրկնվող թեկնածություններ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժնից:

Առաջադրման փուլի ընթացքում (2017թ. մայիսի 29-ից սեպտեմբերի 8-ը) հայտեր են ուղարկվել 12 լեզվով՝ 115 երկրից, այդ թվում՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Եգիպտոսից, Հայաստանից, Հնդկաստանից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, Պակիստանից, Ուկրաինայից եւ Քենիայից: Առաջադրված թեկնածուների թիվն աճել է 100 տոկոսով նախորդ տարվա համեմատությամբ, երբ առաջադրվել էին 254 թեկնածու՝ 13 լեզվով, 66 երկրից:

«Այն, որ 750 հոգի ժամանակ է տրամադրել եւ պատրաստել ու ներկայացրել հումանիտար ոլորտում գործող 509 անհատների, շատ հուզիչ է եւ ոգեշնչող: Դա վերահաստատում է մեր հավատն առ այն, որ իսկապես մեծարման են արժանի այն բացառիկ անհատների ուժն ու ոգին, որոնք մեր անունից, երբեմն մեր փոխարեն իրենց գործողություններով վերահաստատում եւ պաշտպանում են մեր ընդհանուր մարդկայնությունը: «Ավրորա» մրցանակը երախտագիտությունը գործով արտահայտելու ուղի է՝ շնորհակալություն հայտնելով այն անձնազոհ հերոսներին, որոնք այլոց ապրելու հնարավորություն են տալիս: Մենք նպատակ ունենք «Ավրորայի» միջոցով ճանաչման արժանացնել մերօրյա հերոսներին»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը:

2018թ. «Ավրորա» մրցանակի թեկնածությունները կուղարկվեն հումանիտար ոլորտի մի խումբ գործիչների, որոնք կուսումնասիրեն առաջադրումները եւ կգնահատեն դրանք՝ հաշվի առնելով, թե որքանով են համապատասխանում «Ավրորա» մրցանակի ընտրական չափանիշներին՝ ցուցաբերված խիզախություն, նվիրվածություն եւ ազդեցություն: Ընտրված թեկնածուների հակիրճ ցանկը կներկայացվի Ընտրող հանձնաժողովին, որը գլխավորում է օսկարակիր դերասան եւ հումանիտար գործիչ Ջորջ Քլունին:

«Համաշխարհային հրատապ հումանիտար ճգնաժամերի ժամանակաշրջանում կարեւոր է, որ մենք հնարավորություն ունենք ճանաչելու եւ շնորհակալություն հայտնելու այն անհատներին, որոնք բարի գործեր են անում՝ հենց բարիք գործելու մտադրությամբ: «Ավրորայի» ամեն տարվա հավակնորդները ոգեշնչել են մեզ իրենց աշխատանքով եւ իրենց խոսքով: Մենք անհամբերությամբ սպասում ենք ամբողջ աշխարհից նոր հերոսների պատմություններին ծանոթանալուն»,- ասել է «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, Իռլանդիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով նախկին հանձնակատար Մերի Ռոբինսոնը:

«Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամներն են Նոբելյան դափնեկիրներ Օսկար Արյասը, Շիրին Էբադին եւ Լեյմա Գբովեն, Իռլանդիայի նախկին նախագահ Մերի Ռոբինսոնը, մարդու իրավունքների ակտիվիստ Հինա Ջիլանին, Միջազգային ճգնաժամային խմբի նախկին նախագահ եւ Ավստրալիայի արտաքին գործերի նախկին նախարար Գարեթ Էվանսը, Մեքսիկայի նախկին նախագահ Էռնեստո Սեդիլյոն, Լոնդոնի կայսերական քոլեջի Գլոբալ առողջապահական նորարարությունների ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Լորդ Դարզին, Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրեգորյանը:

2017թ. «Ավրորա» մրցանակը շնորհվեց բժիշկ Թոմ Քաթինային, որը կաթոլիկ միսիոներ է ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից: Նա հազարավոր մարդկանց կյանք է փրկել՝ լինելով Սուդանի Նուբայի լեռների տարածաշրջանի միակ մշտապես գործող վիրաբույժը: Այդ տարածաշրջանում պատերազմական գործողությունները շարունակվում են, իսկ մարդասիրական օգնության մուտքը սահմանափակ է: 2016թ. «Ավրորա» մրցանակը շնորհվել է Մարգարիտ Բարանկիցեին՝ երեխաների արժանապատվության ու հույսի վերականգնման գործում իր անկոտրում նվիրվածության համար: Մարգարիտը Բուրունդիում «Խաղաղության տան» (Maison Shalom) եւ REMA հիվանդանոցի հիմնադիրն է:

2018թ. «Ավրորա» մրցանակի հավակնորդների անունները կհրապարակվեն 2018թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի օրը: 1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, երրորդ անգամ կշնորհվի 2018թ. հունիսի 10-ին Հայաստանում: Դափնեկիրը մեկ միլիոն դոլարը նվիրաբերելու է այն կազմակերպություններին, որոնք ոգեշնչել են իր գործունեության ընթացքում: Մրցանակի հանձնման արարողությունը կամփոփի հատուկ միջոցառումներով լի շաբաթը, որոնք տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը: Այսօրվա ամենահրատապ մարդասիրական խնդիրների համար լուծումներ որոնելու եւ մարդասիրությունը փառաբանելու համար Հայաստանում կհավաքվեն հումանիտար ոլորտի հեղինակավոր գործիչներ, գիտնականներ, բարերարներ, մարդու իրավունքների պաշտպաններ, կառավարությունների ներկայացուցիչներ, լրագրողներ եւ գործարար առաջնորդներ:

Դիտվել է՝ 8 անգամ