Խ. Ավետիսյանի անձնական իրերի ցուցահանդեսն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այցը ՆԱՄ

20:56, Սպտ 7, 2017


Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր, քանոնահար, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր Խաչատուր Ավետիսյանի անձնական իրերի ցուցահանդեսը: Միության ցուցասրահը վերածվել էր կոմպոզիտորի կոլորիտային սենյակի, որը անտարբեր չթողեց նույնիսկ Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ռիչարդ Միլսին, ով, առաջին անգամ լինելով ՆԱՄ-ում, լսեց հայկական մեղեդիներն ու շրջեց ցուցասրահով՝ հայտնելով իր հիացմունքը: – Սա իմ առաջին այցելությունն է «Նարեկացի» արվեստի միություն, և կարծում եմ, որ այս ցուցահանդեսը շատ համապատասխան էր դրա համար: Ինչպես նշեցին Միքայելը և Նարեկը, նրանք ներկայացնում են մաքուր հայկական երաժշտություն, և ես առաջին անգամ լսեցի, որ բացի Կոմիտասից, կա նաև այնպիսի լավ կոմպոզիտոր, ինչպիսին Խաչատուր Ավետիսյանն է: Շնորհակալություն ինձ հյուրընկալելու համար: Ես շատ բան իմացա, և հաճելի էր ներկա գտնվել այստեղ,- նշեց Ռիչարդ Միլսը: «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը, ամփոփելով Խաչատուր Ավետիսյանին նվիրված միջոցառումները, նշեց դրանց կարևորության, նշանակության և նրա որդու ներկայության կարևորության մասին: – Այսօր յուրահատուկ երեկո է, քանի որ մեզ մոտ ցուցադրված են Խաչատուր Ավետիսյանի քանոնը, նրան պատկանող «Աստվածաշունչը» և բազմաթիվ անձնական իրեր: Միջոցառումների շարքը, որը միությունը հատուկ կազմակերպել է կոմպոզիտորին մեծարելու համար, իր ներկայությամբ պատվել է նրա որդին՝ Միքայել Ավետիսյանը: Մեզ համար մեծ պատիվ է նաև, որ այսօր այստեղ է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Մենք նախկինում համագործակցել ենք ԱՄՆ դեսպանության հետ, բայց սա Միլսի առաջին այցն է, և մենք ասում ենք` բարի գալու՛ստ: Այստեղ ներկայացված յուրաքանչյուր իր կրում է Ավետիսյանի հոգին և շունչը, ինչի ականատեսը կարող է լինել յուրաքանչյուր մարդ՝ այցելելով «Նարեկացի» արվեստի միություն, – իր խոսքում ընդգծեց Նարեկ Հարությունյանը: Ցուցահանդեսի բացման արարողությունից հետո ցուցադրվեց «Խաթաբալա» կինոնկարը, որի երաժշտության հեղինակն է Խաչատուր Ավետիսյանը:

Դիտվել է՝ 44 անգամ