Ադրբեջանը չի իրականացնում ոչ մի կառուցողական քայլ, որը կարելի է դիտարկել որպես կարգավորմանն ուղղված գործողություն. քաղաքագետ

17:04, Սպտ 5, 2017


Ադրբեջանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի դիտորդական առաքելության ընդլայնմանն անմիջապես արցախա-ադրբեջանական շփման գծում, քանի որ հենց ինքն է իրավիճակը լարողը: Սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը:

«Ադրբեջանն, ըստ էության չի, համաձայնում  դիտորդական առաքելության ընդլայնմանը, երբ այն պետք է իրականացվի հենց շփման գծում: Նրանք դեմ չեն դիտորդական առաքելությանը միայն այն դեպքում, եթե այն իրականացվի Երևանում, կամ Բաքվում»,-ասաց Մարկարովը:

Նրա խոսքով՝ նույնիսկ մոնիտորինգային խմբի առաքելության ընդլայնման հարցում Ադրբեջանը չի ցուցաբերում կառուցողական մոտեցում: Քանի որ իրավիճակը լարողն Ադրբեջանն է, հետևաբար մոնիտորինգային խմբի առաքելության ընդլայնումը լուրջ խնդիր է իր համար: Ադրբեջանը չի իրականացնում ոչ մի կառուցողական քայլ, որը կարելի է դիտարկել որպես կարգավորմանն ուղղված գործողություն:

«Հայկական կողմը երբեք չի թաքցրել արցախա-ադրբեջանական հակամարտության  կարգավորման վերաբերյալ սեփական տեսլականը:  Անհրաժեշտ է միջազգայնորեն երաշխավորվել Արցախի դե յուրե ամրագրումը և հաստատել կապը Հայաստանի հետ: Սակայն հայկական կողմի մոտեցումները չեն համապատասխանում Ադրբեջանի սկզբունքներին»,-ասաց քաղաքագետը:

 

 

Դիտվել է՝ 7 անգամ