Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ՀՀ Նախագահին է ներկայացրել կատարված աշխատանքները

16:55, Սպտ 5, 2017


Հայաստանի Հանրապետության Նախագահի մոտ սեպտեմբերի 5-ին կայացած աշխատանքային հանդիպման ժամանակ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանը ներկայացրել է հանձնաժողովի կողմից նախորդ տարիներին կատարված աշխատանքները, հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները, ինչպես նաև դրանց լուծման ուղղությամբ ձեռնարկվելիք միջոցառումները: Այս մասին  տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Մասնավորապես, Հանրապետության Նախագահին ներկայացվել է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, ի թիվս այլ միջոցառումների, գործարկել է էլեկտրոնային հայտարարագրման համակարգի վերլուծական բաղադրիչը, որի շրջանակներում ապահովվել է առանձին տեղեկատվական բազաներին հանձնաժողովի առցանց հասանելիությունը, էականորեն ընդլայնել է հայտարարատու պաշտոնատար անձանց ռեեստրը, ինչպես նաև մշակել և իրավասու մարմինների քննարկմանն է ներկայացրել համակարգի կատարելագործմանն ուղղված մի շարք օրենսդրական առաջարկություններ:

Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում 2017 թվականի փոփոխություններով թելադրված միջոցառումների կատարման ընթացքը:

Հանրապետության Նախագահը կարևորել է հակակոռուպցիոն բարեփոխումների շրջանակում 2018 թվականին ձևավորվելիք նոր մարմնի՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արդյունավետ գործունեությունն ապահովող անհրաժեշտ նախադրյալների ստեղծումը: Նախագահ Սարգսյանն ընդգծել է մինչև նոր մարմնի ձևավորումը շահերի բախմանն առնչվող օրենսդրական դրույթների կատարելագործման և անթերի իրավական կարգավորումների սահմանման, շահերի հայտարարագրման համար էլեկտրոնային համակարգի վերազինման, տեղեկատվական բազաների կապակցման ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակականության ապահովման, ինչպես նաև հանձնաժողովին տրված նոր՝ հայտարարագրեր վերլուծելու և դրանց արժանահավատությունը ստուգելու լիազորության գործնական իրացման անհրաժեշտությունը:

Դիտվել է՝ 11 անգամ