Դանիայի մշակույթի նախարարի այցը «Զվարթնոց» արգելոց-թանգարան

18:45, Սպտ 4, 2017


Դանիայի մշակույթի և եկեղեցական հարցերով նախարար Մեթե Բոկը և նրա գլխավորած պատվիրակության անդամներն այսօր այցելել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան: Դանիացի հյուրերին ուղեկցել են ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա  Թարվերդյանը, այլոք:

Պատվիրակությունը ծանոթացել է  7-րդ դարի ճարտարապետական կառույցին, հիացել` նրա շքեղությամբ: Մ. Բոկը  հետաքրքրությամբ  դիտել է նաև արգելոց-թանգարանի մշտական ցուցադրությունը:

«Զվարթնոց» արգելոց-թանգարանի ցուցասրահում օտարերկրացի հյուրերին անակնկալ էր սպասվում ՊՈԱԿ-ի կողմից: Հոգևոր ու ավանդական երգերի հրաշալի կատարումներով  ելույթ է ունեցել «Զվարթնոց» կվարտետը: Հայկական հոգևոր երաժշտությունը անտարբեր չի թողել դանիացի հյուրերին: Տիկին Մ. Բոկեն  հընթացս միացել է կատարումներից մեկի կրկներգին, ապա երախտագիություն է հայտնել  «Զվարթնոց» կվարտետի գեղարվեստական ղեկավար Տիգրան  Կոնինյանին` գեղեցիկ երգերի համար:

«Ձեր երաժշտության միջոցով մեզ մոտեցրիք հայկական մշակույթին ու ավանդույթներին, ինձ շատ դուր եկան ձեր կատարումները», -ասել է տիկին Մ. Բոկը:

Այցի ավարտին Դանիայի մշակույթի նախարարը գրառում է կատարել արգելոց-թանգարանի տպավորությունների գրքում. «Շնորհակալություն, որ հնարավորություն ընձեռեցիք այցելելու այս հրաշալի թանգարանը: Մենք շատ բան իմացանք  ձեր ժողովրդի պատմության մասին»:

Պատվիրակությունը վաղը կլինի նաև ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում:

 

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժին

 

Դիտվել է՝ 31 անգամ