Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման փորձերի բացակայությունը մարտին ներթափանցման փորձի տապալման հետևանք է

14:09, Սպտ 4, 2017


Արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում 2017-ի հուլիսից սկսած նկատվում է հրաձգության դեպքերի աճ: Հակառակորդի կողմից դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձ չիրականացնելը մարտ ամսին ներթափանցման փորձի տապալման արդյունք էր: Սեպտեմբերի 4-ին «Հակառակորդի ռազմաքաղաքական մարտավարությունն ու մեր անելիքները» թեմայով համաժողովին այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը:

«Ապրիլյան մարտական գործողություններից հետո առաջնագծում լարվածությունը պահպանվում է: Սկզբնական շրջանում հրաձգության դեպքերի քանակը կտրուկ նվազել էր, սակայն հուլիսից սկսած նկատվել է հրաձգության դեպքերի աճ: Իսկ 2016-ի նոյեմբերից հակառակորդը կիրառել է նաև ականանետ: Ներկայումս տարածաշրջանում իրավիճակը մնում է լարված»,- ասաց Զաքարյանն ու հավելեց, որ չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից խոշոր տրամաչափի զենք չկիրառելու կարգադրանքին՝ հակառակորդը պարբերաբար նռնականետերի, ականանետների, հրանոթների կրակի և անօդաչու թռչող սարքերի հարվածների է ենթարկում մեր հերթապահ ստորաբաժանումները:

Նրա խոսքով՝ ներկա դրությամբ դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումների փորձեր չեն իրականացվում միայն այն պատճառով, որ մարտի 24-25 գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված ներթափանցման փորձը մեր զորքերի կողմից հաջող կերպով կանխվել է: Թեև, հակառակորդի կողմից դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցումների փորձեր չիրականացնելը ժամանակավոր երևույթ է հանդիսանում:

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանը շարունակում է զարգացնել զինված ուժերի պատրաստությունը տարբեր կազմավորումներում զորավարժությունների անցկացմամբ: Հակառակորդի նոր մարտահրավերներին դիմակայելու համար ՀՀ ազգային բանակում աշխատանքներն ուղղված են սպառազինության ռազմական տեխնիկայի նոր նմուշների ստեղծմանը, առկա սպառազինության և տեխնիկայի տեսակների արդիականացմանը, ղեկավարման համակարգի կատարելագործմանը»,-ասաց փոխնախարարը:

Նրա խոսքով՝ ներկայում մեր կողմից կատարվում է ակտիվ հետախուզություն և օպերատիվ արձագանք հակառակորդի ցանկացած գործողություններին: Արվում է ամեն ինչ հակառակորդին առավել վաղ հայտնաբերելու և հուժկու պատասխան տալու համար:

Դիտվել է՝ 28 անգամ