Լևոն Ալթունյանն այցելել է Սևանի բժշկական կազմակերպություններ

13:42, Օգս 28, 2017


ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այցելել է Սևանի բժշկական կազմակերպություններ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, նա հոգեբուժական հիվանդանոցում ծանոթացել է ծառայության որակի բարձրացման և խնամքի պայմանների բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Նա շրջել է հիվանդասենյակներում, քննարկել հիվանդների բուժման ընթացքը, ծանոթացել կենցաղային պայմաններին և դրանց բարելավման ուղղությամբ վերջին շրջանում իրականացված աշխատանքներին։ Առանձին հատվածներում կատարված վերանորոգումները, նորացված կահույքը և հանգստի ու ժամանցի կենտրոնը, վերջերս վերակառուցված բաղնիքը զգալի բարելավել են հոգեկան խնդիրներով հիվանդների  սպասարկումը։ Այստեղ դեռևս խնդիր է մնում ննջասենյակներում մահճակալների խտությունը։

Նշենք, որ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 2-ի 815 Ն որոշման համաձայն Սևանի ԲԿ-ի նոր շենքի կառուցումից հետո նախկին շենքն իր տարածքով հանձնվելու է Սևանի հոգեբուժական հիվանդանոցին։

Քննարկվել են հիվանդների տեղափոխմամբ ծառայության որակի բարելավման հնարավոր ազդեցությանը վերաբերող, ինչպես նաև կազմակերպական հարցեր։

Այնուհետև նախարարն այցելել է Սևանի բժշկական կենտրոն և պոլիկլինիկա։ Շրջայց կատարելով` նա ծանոթացել է հիվանդների բուժման ընթացքին, զրուցել նրանց հետ։

Առկա խնդիրների քննարկման ժամանակ Լևոն Ալթունյանը տնօրենին հորդորել է նախարարություն ներկայացնել դրանց լուծման իր տեսլականը, քանի որ  մոտիկից ու խորությամբ է ծանոթ հիմնահարցերին։ Նաև առաջարկել է մասնակից դառնալ նախարարության կողմից իրականացվող բարեփոխումների քննարկումներին։

Լևոն Ալթունյանը  Սևանի բժշկական նոր կենտրոնի շինհրապարակում ծանոթացել է աշխատանքների ընթացքին։ Շենքի երկաթբետոնե հիմնակմախքի կառուցումից հետո  ընթանում են տանիքի և միջնապատերի կառուցման, լուսամուտների տեղադրման, ինժեներական ենթակառուցվածքների մոնտաժման աշխատանքները։

Լևոն Ալթունյանը շինարարներին մի շարք հանձնարարականներ է տվել։

Դիտվել է՝ 11 անգամ