Փաստաբանների պալատի հայտարարությունը փաստաբան Արայիկ Պապիկյանին սպառնալու վարքագծի վերաբերյալ

15:18, Օգս 15, 2017


Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատը դատապարտում է մասնագիտական պարտականությունների կատարման կապակցությամբ փաստաբան Արայիկ Պապիկյանի նկատմամբ սպառնալիքներ ներկայացնելու վարքագիծը:

«Փաստաբանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։ Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ` օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:

ՀՀ քրեական օրենսգրքի 323.3 հոդվածը քրեական պատիժ է նախատեսել  այն անձի համար, որը փաստաբանի նկատմամբ սպանության, առողջությանը վնաս պատճառելու, գույքը ոչնչացնելու կամ վնասելու սպառնալիք է ներկայացրել` կապված փաստաբանի լիազորությունների իրականացման հետ:

Դեպքի առթիվ փաստաբան Արայիկ Պապիկյանի կողմից արդեն իսկ հաղորդում է ներկայացվել ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

Միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմիններին կոչ ենք անում ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ փաստաբան Արայիկ Պապիկյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ սպառնալիքներ ներկայացրած անձին հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու համար, իսկ անհրաժեշտության դեպքում ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար միջոցներ:

 

Հայաստանի Հանրապետության

փաստաբանների պալատի նախագահ՝

Արա Զոհրաբյան

 

Հ.Գ. ՀՀ փաստաբանների պալատի նախագահը նշված հարցով գրությամբ դիմել է նաև ՀՀ գլխավոր դատախազին:

Դիտվել է՝ 8 անգամ