Վայոց ձորի հրդեհը մեկուսացվել է, տարածման վտանգ չկա

12:14, Օգս 15, 2017


Օգոստոսի 15-ին, ժամը 09:21-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, ժամը 09:51-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է երկու մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար և 1 հրամանատար) և անտառտնտեսության 18 աշխատակից, իսկ «Լիդիան Արմենիա» 1 ջրատար ավտոմեքենան իրականացնում էր հերթապահություն:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:05-ին:

Դեպքի վայրում են ՄՓՎ պետ փ/ծ փոխգնդապետ Տ. Պետրոսյանը և ՄՃԿԿ պետ փ/ծ փոխգնդապետ Հ. Մարգարյանը:

Օգոստոսի 15-ին վաղ առավոտյան ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ռուս փրկարար գործընկերների հետ ուղղաթիռով իրականացրել է հետախուզական թռիչք, որի ընթացքում որոշվել են ջրալցման վայրերը: Ռուսական «ԻԼ-76»-ը ժամը 08:50-ին իրականացնում էր առաջին թռիչքը: Նախնական պլանավորվում է 2 թռիչք և 2 ջրալցում:

«Խոսրովի անտառ» արգելոցում բռնկված հրդեհը մարելու համար օգոստոսի 14-ի ժամը 17:00-ի դրությամբ 63  փրկարար, ՀՀ ՊՆ 124 զինծառայող. 19 բնապահպան,  անտառտնտեսության 40 աշխատակից իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ:  

Օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ էր ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպության «Զիմա» կոչվող տարածքում այրվում է բուսածածկ տարածք: Նախնական տվյալների համաձայն ՝ 200-250 հա տարածքում այրվում է բուսածածկ և անտառածածկ տարածք: