Վայոց ձորի անտառապատ տարածքում փրկարարները շարունակում են կրակի մանր օջախների մարման աշխատանքը

12:33, Օգս 14, 2017


Վայոց ձորի անտառապատ տարածքում բռնկված հրդեհի վտանգավոր օջախները մարվել են. օգոստոսի 14-ի ժամը 07:15-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են: Ինչպես  տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել 12 փրկարար:

Օգոստոսի 10-ին՝ ժամը 18:50-ին, ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում անձը չպարզված քաղաքացուց ահազանգ էր ստացվել, որ ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղում, այրվում է խոտածածկ տարածք:

Պարզվել էր, որ Մ-2 ավտոճանապարհի Վայք-Սարավան հատվածի 10-րդ կմ-ից դեպի Արտավան գյուղն ընկած տարածքում այրվում է խոտածածկույթ, բռնկվել է 14 էլեկտրասյուն, ինչի հետևանքով հոսանքազրկվել էր Արտավան գյուղը:

Առաջին անգամ հրդեհաշիջման համար օգտագործվել են մոտակա ջրամբարի պաշարները:

Հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը, տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները: