Վերականգնել հին եկեղեցիները, կառուցել նորերը. Հայր Նարեկ վարդապետ Ավագյան

12:41, Օգս 11, 2017


Վերականգնել հին եկեղեցիները, կառուցել նորերը. Հայր Նարեկ վարդապետ Ավագյան Այսօր եկեղեցաշինությունը շատերի համար դարձել է քննարկման առարկա: Սոցիալական խնդիրներ ունեցող երկրում կառուցե՞լ, թե չկառուցել նոր հավատի տաճարներ, այն պարագայում, երբ կան նաև շատ եկեղեցիներ, որոնք ունեն վերականգնման խնդիր:  Հայ Առաքելական Եկեղեցու Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանի հետ:

-Հայր Նարեկ, վերջերս սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներում շատ է խոսվում սոցիալական խնդիրներ ունեցող երկրում եկեղեցիներ կառուցելու նպատակահարմարության մասին: Վերջիններիս պնդմամբ՝ հատկապես այսօր, դա անիմաստ քայլ է:

-Եթե ոմանք կարծում են, որ եկեղեցի չկառուցելով սոցիալական հարցեր կարող են լուծել, սխալվում են: Դա թյուր կարծիք է՝ քրիստոնյային ոչ բնորոշ: Մարդը բաղկացած է հոգուց ու մարմնից, հետևաբար, պետությունն ու եկեղեցին, պարտավոր են հոգալու մարդու հոգևոր ու մարմնական կարիքները. պետությունը կառուցում է, մարդկանց տալիս է բնակարաններ, եկեղեցին՝ աղոթատեղի: Մենք շատ ուրախ կլինեինք, որ ժողովուրդը սոցիալապես լավ վիճակում լիներ, բայց, երբ հետադարձ հայացք ենք նետում մեր պատմությանն ու տեսնում մեր գյուղերի եկեղեցիները՝ 17-19-րդ դարերում կառուցված, հստակորեն հասկանում ենք, որ այդ ժամանակ մեր նախնիները սոցիալապես ավելի վատ պայմաններում են ապրել, մազապուրծ են եղել, գաղթել, բայց անհրաժեշտություն են համարել եկեղեցի ունենալ: Այդ տարիներին կառուցված եկեղեցիները բազիլիկ են՝ այն ժամանակվա, այսպես ասած, ամենաէժան եկեղեցիները: Այսինքն՝ խիստ անհրաժեշտ են համարել եկեղեցին ու իրենց սուղ միջոցներով կառուցել են: Հիմա մենք՝ 21-րդ դարում, ավելի լավ պայմաններում ապրելով, չկառուցելը կամ եղածը նորոգել չկարողանալն ինձ համար հոգևոր նահանջ է:

– Իսկ ինչու՞ կառուցել նորը, եթե կարելի է ու պետք է նորոգել հինը:

-Պատմական առումով անհրաժեշտ է հները նորոգել, բայց նկատի ունեցեք, որ այսօր խոնարհված եկեղեցի նորոգելը շատ ավելի թանկ է, քան նորը կառուցելը, դրա համար բարերարների մեծ մասը նախընտրում է կառուցել նորը: Մենք, անշուշտ, դեմ ենք, մասնավորաբար, հնի կողքը նոր եկեղեցի կառուցելուն, դա անընդունելի է: Հնարավորինս փորձում ենք մարդկանց խրախուսել, որ հինը նորոգեն, բայց երբեմն պատահում են դեպքեր, երբ մարդը չի կամենում նորը կառուցել որոշ բյուրոկրատական քաշքշուկների պատճառով:

-Նոր եկեղեցին կառուցվում է հաշվի առնելով Մայր Աթոռի կողմից սահմանված չափանիշնե՞րը, թե՞ բարերարը սեփական նախագծով է դա իրականացնում:

-Ո՛չ, սա կդիտարկվի ինքնագործունեություն և չի ընդունվի: Եթե բարերարն ունի նախագիծ, իր նախագիծը քննարկման է բերում Մայր Աթոռ, եթե ոչ՝ դիմում են Մայր Աթոռի ճարտարապետական բաժին: Այդ ամենը հաստատվում է Վեհափառ Հայրապետի կողմից, որից հետո հայտարարվում մրցույթ ու կառուցվում՝ Մայր Աթոռի ճարտարապետների հսկողությամբ ու հետևողականությամբ, իսկ հնի նորոգման պարագայում դիմում են մեզ, և Մայր Աթոռը կազմում է նախագիծ-նախահաշիվ, և կատարվում է վերանորոգում:

-Չեմ կարող չանդրադառնալ նաև Ձեր ղեկավարած թեմի եկեղեցիներին: Կարող ենք ասել, որ այսօր ամենալավ վիճակում Արթիկի թեմն է՝ գործող եկեղեցիներն ավելի շատ են քան չգործողները, բայց, ամեն դեպքում, ո՞ր եկեղեցու վերականգնումն եք հիմա կարևորում:

-Անշուշտ, ամենակարևորը Արթիկ քաղաքի 7-րդ դարի եկեղեցու վերանորոգումն է, որը բավական ծախսատար է, երկրորդ եկեղեցին, որ կուզենանք վերանորոգված տեսնել՝ Պեմզաշենի եկեղեցին է, սրանք ամենամեծ ու ֆինանսական լուրջ ներդրումներ պահանջող եկեղեցիներն են: Փառք Աստծո, ավելի շատ գործող եկեղեցի ունեք, քան չգործող, բայց դեռ կան եկեղեցիներ, որ վերանորոգման ընթացքի մեջ են: Աստծո ոողորմածությամբ, հավանաբար, մեկն այս աշնանը կվերաօծվի՝ դա Սարատակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին Է: ՀՀ կառավարության տրամադրած միջոցներով սկսվել են նաև Հոռոմի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու վերականգնման նախագծային փուլի աշխատանքները: Դրանք իրականացվում են մարզերի հրատապ խնդիրների լուծման ծրագրի շրջանակում: Հուսանք, այս աշխատանքների ավարտից հետո եզակի ճարտարապետական ու պատմական կառույցը, որ թեմի ամենամեծ եկեղեցին է, նույնպես կվերականգնվի: Արմենուհի Մխոյան

 

Դիտվել է՝ 5 անգամ

Առնչվող թեմաներ