Զվարթնոցի և Գառնու տաճարների մուտքավճարների թանկացումն արդարացված է, եթե դա ենթադրում է հավելյալ արժեք. Մեխակ Ապրեսյան

17:26, Օգս 9, 2017


Զվարթնոցի և Գառնու տաճարների մուտքավճարների թանկացումն արդարացված է, եթե դա ենթադրում է հավելյալ արժեք: Այն է` նոր ծառայություններ, ծառայությունների որակի բարձրացում: Այս մասին նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

«Հայաստանի զբոսաշրջային արդյունքը միջազգային շուկայում մրցունակությամբ չի զիջում, բայց ցանկացած թանկացում հաճելի չէ: Դա կարող է բացասաբար անդրադառնալ մեր զբոսաշրջային արդյունքի վրա: Բայց այստեղ այլ հարց կա, եթե այդ թանկացումը ենթադրում է նոր ծառայություն կամ եղածի որակի բարձրացում, ապա, ուրեմն, թանկացումը նորմալ երևույթ է: Այսինքն` զբոսաշրջիկն ավելի թանկ է վճարում ու ավելի լավ ծառայություներ ստանում, ավելի բավարարված է իրեն զգում:  Կարծում եմ, որ թանկացումից հետո մատուցված ծառայությունների որակի բարձրացում  է լինելու»,-ավելացրեց  Մեխակ Ապրեսյանը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից առաջարկվել է թանկացնել Զվարթնոցի և Գառնու տաճարների մուտքավճարները: Մինչ այժմ տեղացիների համար գործող տոմսի արժեքը` 250  դրամը կդառնա 500, իսկ արտասահմանցիների համար սահմանված 1000  դրամը` 1500:  Այս տարվա մարտ ամսից սկսած ՊՈԱԿ-ը նոր  քաղաքականություն է որդեգրել` առավել ակտիվ գործունեություն իրականացնել  արգելոց-թանգարաններում, ինչը  ենթադրում  է  ենթակառուցվածքների  զարգացում և  մշակութային կյանքի ակտիվացում:

Դիտվել է՝ 14 անգամ