Պետությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների աշակերտների դասագրքերի վարձը և կներդնի ուսման վարձի հատուկ մեխանիզմ

13:47, Հլս 27, 2017


ՀՀ նախագահը հանձնարարել է Կրթության և գիտության նախարարությանը փոխհատուցել սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի վարձը և ներդնել նշված համայնքներից ուսանողների ուսման վարձի հատուկ մեխանիզմ: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը և առաջարկեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին այդ հանձնարարականների հետ կապված ընդունել կառավարության որոշումներ:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ հուլիսի 26-ին իր նախագահությամբ տեղի է ունեցել սահմանամերձ համայնքների միջգերատեսչական հանձնաժողովի նիստը և այնտեղ ներկայացվել է ՀՀ նախագահի՝ ԿԳՆ-ին ուղղված երկու հանձնարարական։ «Եթե մենք դա շատ արագ չանենք, ուղղակի չենք հասցնելու: Մեկը վերաբերում է սահմանամերձ համայնքների աշակերտների բոլոր դասագրքերի փոխհատուցման խնդրի լուծմանը, երկրորդը՝ սահմանամերձ համայնքներից ուսանողների ուսման վարձերի հատուկ մեխանիզմի ներդրմանը: Երկու հանձնարարականի վերաբերյալ էլ Կրթության և գիտության նախարարի տեղակալը երեկ զեկուցում էր, որ պատրաստ են: Բայց դրանք երկուսն էլ կառավարության որոշումներ են պահանջելու և ցանկալի է դա անել հիմա՝ մինչև սեպտեմբերի մեկը, դասագրքերի առումով անպայման, երկրորդը՝ գոնե իրազեկման առումով», –  ասաց Վիգեն Սարգսյանը:

Դիմելով վարչապետին՝ նախարարն առաջարկեց ԿԳՆ-ին այսօր ուղղված իր հանձնարարականում ներառել նշված երկու հանձնարարականները ևս: «Շատ լավ», – արձագանքեց Կարեն Կարապետյանը:

Ավելի վաղ վարչապետը ԿԳ նախարարին հանձնարարել ապահովել 2017-2018 թվականների ուսումնական տարվա պատշաճ մեկնարկը:

Դիտվել է՝ 4 անգամ