Եկ Արցախ. Զբոսաշրջիկներին կարող է հիացնել Տողի Մելիքական ապարանքն ու գինու համի գաղտնիքը

14:57, Հլս 26, 2017


Նախկին բերդաքաղաք Տողի հենց կենտրոնում Մելիք Եգանի պալատական համալիրն է՝ Մելիքական ապարանքը՝ կառուցված 19-րդ դարում: Ժամանակի ընթացքում հնացած ու քանդված ապարանքը պատմամշակութային արգելոց է, որի տարածքում իրականացված պեղումների ժամանակ հայտնաբերված իրերին կարելի է ծանոթանալ հենց ներսում: Կառույցը եզակի է նրանով, որ Արցախի հինգ մելիքությունների ապարանքներից միակն է, որ պահպանվել է:

Տող գյուղն այժմ ունի շուրջ 800 բնակիչ, երեք եկեղեցի՝ Սուրբ Հովհաննես, Սուրբ Ստեփանոս եւ Անապատ, մանկապարտեզ, դպրոց, որտեղ սովորում է 150 աշակերտ, ինչպես նաեւ արվեստի դպրոց, որտեղ թե Տողի, թե հարակից գյուղերի աշակերտները հաճախում են երաժշտության, կիրառական արվեստի, պարի դասերի:

Ապարանքի զբոսավար Ռուզաննա Խաչատրյանի խոսքով՝ զբոսաշրջիկների հոսքը սկսվում է մայիսից եւ ավարտվում սեպտեմբեր-հոկտեմբերին, սակայն գյուղը չունի ո՛չ հյուրանոց, ո՛չ հյուրատներ:

«Եղել են, որ մեկ-երկու օրով եկել, հյուրընկալվել են մեկի տանը, բայց այդպիսի տեղեր չունենք:  Զբոսաշրջության վարչությունում մտածում են աշխատել էկոտուրիզմի ուղղությամբ. ասեմ, որ այստեղ վերեւում որպես լավ ժողովրդական ճարտարապետության նմուշներ պահպանվել են որոշակի տներ, որոնք վերականգնելու դեպքում կարող են ծառայել որպես գեղեցիկ ոճով հյուրատներ. դա արդեն ֆինանսների հարց է»,-«Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ նշեց նա:

Ապարանքի տարածքում շատ շուտով՝ սեպտեմբերի 16-ին, արդեն 4-րդ անգամ կանցկացվի Արցախյան գինու փառատոնը, որը, ըստ Արցախի էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանի՝  ներառվում է զբոսաշրջային ընկերությունների փաթեթներում: Զբոսաշրջիկները գալիս են եւ այլ գինիների հետ միասին համտեսում աշխարհի մի շարք երկրների համար գյուղի այցեքարտը համարվող «Կատարո» գինին, որի գործարանը ապարանքի մոտակայքում է:  Դեռեւս 15 տարի առաջ Ավետիսյանների ընտանիքը չէր էլ պատկերացնում, որ սեփական արտադրանքը մի օր կհամալրի լավագույնների շարքը: Գինեգործարանի հիմնադիր Էդիկ Ավետիսյանը, դեռեւս տարիներ առաջ դժգոհ լինելով խաղողի համար առաջարկվող գումարից, բերքը հետ է բերել, գինի ստացել ու բաժանել բարեկամ, հարեւաններին, ապա մտածել՝ իսկ ինչու չստեղծել սեփական գինին:

«Ուզում էինք իմանալ՝ խնդողնու տեսակից կարող ենք գինի ստանալ՝ որակով»,-ասաց նա:

Սեզոնային հավաքի ժամանակ արտադրամասի աշխատակիցներով՝ 40-45 հոգով, ձեռք ձեռքի են տալիս, ընտրում լավն ու ստանում գինին, որի մասին իրենց գնահատականն են տվել նաեւ արտերկրից ժամանած փորձագետները:

«Գալիս են շատ փորձագետներ, տանում եմ նրանց այգի, ուսումնասիրում են հողը, ասում են՝ արտասահմանում որ ուզում ենք այս համն ու հոտը ստանալ, անպայման ուրիշ բաներ ենք խառնում, ի՞նչ բան ա, որ բույրը հենց այստեղ է, չգիտենք՝ գաղտնիքը կեղեւում է, հատիկներում է»,-ասաց Էդիկ Ավետիսյանն ու հավելեց, որ 10 հազար շշի արտահանումից արդեն իսկ հասել են 70 հազարի:

«Կատարո»-ն տեղական եւ միջազգային շուկաներին առաջարկում է գինու սպիտակ, կարմիր եւ «Rose» տեսակները: Գինին արտահանվում է Իսպանիա, Չեխիա, Ռուսաստան, Ամերիկա, Անգլիա, Մերձբալթյան երկրներ, իսկ շուտով՝ նաեւ Կանադա:

Սյուզի Մուրադյան

Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի

ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի «Բացահայտիր քեզ համար քո երկիրը» արշավի շրջանակում Արցախի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ հուլիսի 22-24-ը հայաստանյան մի շարք ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար կազմակերպվել էր ճանաչողական այց դեպի Արցախ: Հայաստանյան 5 մեդիաընկերությունների 8 ներկայացուցիչների համար կազմակերպվել են մի շարք էքսկուրսիաներ դեպի Արցախի հիմնական զբոսաշրջավայրեր, տեղեկատվություն է փոխանցվել արցախյան զբոսաշրջային ներուժի, Արցախում գործող թանգարանների, պետական պատմամշակութային ու բնապատմական արգելոցների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և զբոսաշրջության բնագավառին առչնվող այլ ուղղությունների մասին` նյութեր պատրաստելու և զբոսաշրջիկներին ներկայացնելու նպատակով:

 

Դիտվել է՝ 59 անգամ