Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ և պատմության թանգարան

14:46, Հլս 26, 2017


ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ:

Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է «Հայոց թագավորներն ու թագուհիները XVII-XIX դդ. եվրոպական փորագրանկարներում և հայկական պաստառներում» խորագրով ցուցահանդեսի աշխատանքներին, որոնց մեջ կան հազվագյուտ և մինչ օրս անհայտ նմուշներ: Ցուցադրության մեջ ներառված են նյութեր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի, Բոստոնի Ամերիկայի հայկական թանգարանի, Արարատ-Էսքիճեան թանգարանի և Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուներից:

Կառավարության ղեկավարը շրջել է նաև Հայաստանի պատմության թանգարանում, ծանոթացել հավաքածուներին և ցուցադրություններին:

Ինչպես  տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կարեն Կարապետյանը Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի ղեկավարության հետ քննարկել է մշակութային այս կառույցներում իրականացվող թվայնացման գործընթացին, զբոսաշրջային գրավչության ավելի բարձրացմանը և զարգացման ծրագրերին վերաբերող հարցեր:

Դիտվել է՝ 18 անգամ