Օֆելյա Համբարձումյանի հուշարձանը հայ ժողովրդի` նրա նկատմամբ սիրո արտահայտումն է

14:00, Հլս 26, 2017


Օֆելյա Համբարձումյանի հիշատակին նվիրված  հուշարձանը սիրո մի կաթիլն է, որ հայ ժողովուրդը տածում է երգչուհու հանդեպ: Հուլիսի 26-ին Երևանի Կոմիտասի անվան այգու պանթեոնում կայացավ հուշարձանի բացման արարողությունը: Ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

«Իմ խորին համոզմամբ՝ ժողովրդական երգի կատարողական հատվածը որբացավ Օֆելյա Համբարձումյանից հետո: Նրա կատարումները համարվում են ազգային երգարվեստի  ողնաշարը: Ես պատիվ եմ ունեցել շատ անգամներ նրան ներակայացնելու աշխարհի տարբեր բեմահարթակներում: Մինչ այժմ ականջներումս հնչում են  այն հիացական ծափահարությունները, որոնք ուղղված էին Օֆելյա Համբարձումյանին: Եվ համոզված եմ, որ դեռ շատ երկար են հնչելու»,-ասաց Արմեն Ամիրյանն ու հավելեց, որ երգչուհին ոչ միայն մեծ արտիստ էր, այլ նաև հրաշալի և հոգատար ընկեր:

Նախարարը համոզված է, որ Օֆելյա Համբարձումյանի կատարումները հայ զավակների մեջ ազգային ինքնությունն արթնացնելու լավագույն միջոցներից են: Նրա խոսքով՝ Հայոց ցեսպանությունից մազապուրծ մեր հայրենակիցները, որոնք ապրում էին Մերձավոր Արևելքում, դեռ 40-50-ական թթ. անհամբեր սպասում էին Օֆելյա Համբարձումյանի ռադիոյով հնչող կատարումներին:

Ռուբեն Մաթևոսյանը, ով 55 տարի աշխատել է Օֆելյա Համբարձումյանի հետ, հիշում է, որ չի եղել մի ելույթ, երբ իրենց անունները հայտարարելիս դահլիճը  չփորթորկվեր:  «Ազգային երգարվեստն իր հպարտությունն է ապրում այսօր, քանի որ դեպի հավերժություն է գնում մի անուն, որն ավելի քան 7 տասնամյակ կարողացել է հայ երգը հասցնել իր բարձրակետին: Նա հայ երգարվեստ եկավ աստվածատուր շնորհով: Մենք պետք է հպարտանանք, որ մեր մեծերի այս պանթեոնում հանգչում է նաև մի անուն, որ գնում է հավերժություն»,-ասաց նա:

«Փոքր էի, երբ առաջին անգամ լսեցի Օֆելյա Համբարձումյանի «Աղբյուրի մոտ» երգը, և ուղղակի սիրահարվեցի նրա ձայնին: Նա մեր ազգագրական երգարվեստի բարձունքն է, և չեմ տեսնում որևէ մեկին, որ փոխարինի նրան»,-ասաց ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանն ու նշեց, որ երբ դեռ երգարվեստում չէր, աշխատում էր կրկնօրինակել նրա «Սիրեցի, յարս տարան» երգի կատարման ձևն ու խորությունը:

Հուշարձանի ճարտարապետ Էմիլ Պետրոսյանն ասում է, որ ուղղանկյունաձև հուշարձանը ներկայացնում է փակ շրջափուլ:  Ջրի կաթիլը մարմնավորում է հենց Օֆելյա Համբարձումյանին: «Նա մշակույթի աշխարհում մի կաթիլ էր, ով հարստացրեց մեր մշակույթը: Հույս ունեմ, որ կրկին կլինեն նման կաթիլներ, որոնք կհարստացնեն հայկական ժողովրդական երգարվեստը»,-ասաց նա:

 

Դիտվել է՝ 25 անգամ