Թումանյանի տուն-թանգարանը հուշանվերների և գրքերի կրպակ կունենա

16:43, Հլս 18, 2017


ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և ամերիկաբնակ  երաժիշտ Աշոտ Տիգրանյանի աջակցությամբ Դսեղում` Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի հարակից տարածքում, ընթանում են սանհանգույցի և հուշանվերների կրպակի կառուցման աշխատանքները: Այս մասին հուլիսի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ծրագրի նախաձեռնողները:

«Անցյալ տարի թանգարանում թումանյանական օրերն էինք նշում: Ղեկավարության հետ զրույցների ընթացքում պարզվեց, որ այստեղ լուրջ խնդիրներ կան. մասնավորապես սանհանգույցի, ենթակառուցվածքների բացակայությունը հնարավորություն չի տալիս այցելուներին երկար ժամանակ անցկացնել այստեղ, վայելել բնությունը»,- նշեց  նախարար Արմեն Ամիրյանը:

Ամիրյանի խոսքով` դեկտեմբերյան կարճատև ուղևորություններից մեկի ժամանակ  օդանավում հանդիպել է երաժիշտ Աշոտ Տիգրանյանին, զրուցել Հայաստանի մշակութային կյանքից նաև թանգարանի առջև ծառացած խնդիրներից: Տիգրանյանը դրանք լուծելու ցանկություն է հայտնել:

«Շինարարությունը գրեթե վերջացած է: Մնացել են կոսմետիկ հարդարման աշխատանքները, որոնք մինչև օգոստոսի վերջ ամբողջությամբ կավարտվեն: Թանգարաններ տանող ճանապարհները նույնպես վերանորոգվում են»,-ասաց նախարարը:

Աշոտ Տիգրանյանը երկար տարիներ ապրում և ստեղծագործում է ԱՄՆ-ում: «Եկա Հայաստան և այստեղ բացեցի «Աշոտ Տիգրանյան մշակույթի և երաժշտության հիմնադրամ»-ը: Հովհաննես Թումանյանը հետաքրքրում է յուրաքանչյուր հայի: Նա պատմական հանճարեղ կերպար է, որին պարտավոր են ճանաչել բոլորը: Եվ ես շնորհակալ եմ պարոն Ամիրյանին, որ այս կարճ ժամանակահատվածում կազմակերպեց թանգարանի նորոգումը: Արդյունքում նոր սանհանգույց ունեցավ կառույցը, ենթակառուցվածք, որտեղ հուշանվերների կրպակ կլինի: Նորոգման աշխատանքների համար տրամադրել եմ ութ միլիոն դրամ»,-ասաց Տիգրանյանը:

1869 թվականի փետրվարի 19-ին այդ տանն է ծնվել Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանը։ Այստեղ է անցկացրել մանկությունն ու պատանեկությունը։ 

Տուն-թանգարանի շենքը վերանորոգված է սփյուռքահայ Գունտագճյան և Պուճիկյան ամուսինների նյութական օժանդակությամբ, 2002 թվականին՝ «Հայաստան» հիմնադրամի միջոցով։ Նորացված է նաև ցուցադրությունը:

Թանգարանում պահպանվում են մեծ գրողի կյանքն ու գործը ներկայացնող մոտ 300 մեծարժեք ցուցանմուշներ։ Բակում տեղադրված է գրողի կիսանդրին (հեղինակ՝ Այծեմնիկ Ուրարտու, 1953) և կառուցված է մատուռ (1994), որտեղ ամփոփված է բանաստեղծի սիրտը։ Թանգարանը երկհարկանի է, բաղկացած վեց սենյակից։