Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են աշնանն այցելել տարածաշրջան

16:18, Հլս 12, 2017


ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հնարավոր հանդիպումից հետո 2017 թվականի աշնանն այցելել տարածաշրջան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

«Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը կողմերին առաջարկ է արվել հանդիպել այս տարի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում: Ադրբեջանը տվել է իր համաձայնությունը»,- ասել է Հաջիևը:

Նա նշել է, որ արտգործնախարարները երկու երկրի նախագահներին կփոխանցեն այս տարվա ընթացքում հանդիպելու առաջարկը: «Նախագահների ակնկալվող հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ծրագրում են ընթացիկ տարվա աշնանն այցելել տարածաշրջան»,- հայտնել է նա:

Բրյուսելում հուլիսի 11-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամադյարովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի և Ռիչարդ Հոգլանդի նախաձեռնությամբ, որին ներկա է եղել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպմանը շարունակվել են ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացն առաջ մղելու նպատակով համապատասխան պայմանների ստեղծման շուրջ քննարկումները:

Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է շփման գծում իրավիճակի կայունացման անհրաժեշտությունը ու այդ նպատակով շեշտել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումը: Եռանախագահներն արտգործնախարարներին խնդրել են Նախագահներին փոխանցել իրենց առաջարկը այս տարվա ընթացքում գագաթնաժողովի կազմակերպման վերաբերյալ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել արտգործանախարարների հաջորդ հանդիպումը անցկացնել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։

Դիտվել է՝ 12 անգամ