«Ծառուկյան» դաշինքը՝ ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելու մասին

14:27, Հլս 10, 2017


«Ծառուկյան» դաշինքի օրակարգում Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ կոալիցիա կազմելու հարց չկա: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե «Ծառուկյան» դաշինքը կարող է 2018թ. կոալիցիա կազմել ՀՀԿ-ի հետ: «Մեր օրակարգում կոալիցիա կազմելու խնդիր չկա: Թե այդ խոսակցություններն ո՞վ և ի՞նչ նպատակով է դնում շրջանառության մեջ`դիմեք իրենց»,-  ասաց պատգամավորը:

Հարցին, թե իր կարծիքով 2018թ.   ո՞վ է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը, Զոհրաբյանը նշեց, որ ՀՀԿ-ն վերցրել է մեծամասնություն, վերցրել է քաղաքական պատասխանատվությունը. «Թե ով կլինի վարչապետ, ինձ անձամբ ո՛չ վերաբերում է և, անկեղծ ասած, ո՛չ էլ հետաքրքրում»,- ընդգծեց պատգամավորը: «Եթե մենք վերցնեինք մեծամասնություն, այդ ժամանակ ձեր հարցը կլիներ տեղին և այդ ժամանակ ես կասեի, որ վարչապետի թեկնածու եմ տեսնում Գագիկ Ծառուկյանին»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը:

Դիտվել է՝ 11 անգամ