ԼՂ հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցություններն են. ԱՄՆ պետդեպ

12:54, Հլս 7, 2017


Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը խիստ մտահոգություն է հայտնել ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հուլիսի 4-ին հրադադարի ռեժիմի խախտման նոր փաստի առնչությամբ: Ինչպես հաղորդում է  այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Հիթեր Նոյերթը:

«Միացյալ Նահանգները խիստ մտահոգված է հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման փաստի առնչությամբ, որը պատճառ դարձավ քաղաքացիական անձանց շրջանում կորուստների, այդ թվում և հազիվ երկու տարեկան երեխայի մահվան: Դա տեղի է ունեցել շփման գծում: Մենք ցանկանում ենք ի սրտե մեր ցավակցությունները հայտնել զոհերի ընտանիքներին:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ միասին մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցային սեղանի շուրջ: Այդ տարածաշրջանում մեր քաղաքականությունը հստակ է. հակամարտության լուծման միակ ճանապարհը բանակցություններն են ՝ հիմնված միջազգային իրավունքի վրա, որը հավատարիմ է ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության ու ինքնորոշման սկզբունքներին»,- նշել է Նոյերթը:

Հուլիսի 4-ին Արցախի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը: Մասնավորապես, ժամը 11:30-11:35 սահմաններում արևելյան ուղղությամբ ադրբեջանական կողմը կիրառել է 82 միլիմետրանոց ականանետ (4 արկ), նույն հատվածում ժամը 12:45-12:55-ի սահմաններում՝ հաստոցավոր հակատանկային նռնականետ (3 արկ), հարավային ուղղությամբ՝ ժամը 13:35-ին 60 միլիմետրանոց ականանետ (3 արկ), 19:10-ին՝ 60 միլիմետրանոց ականանետ (2 արկ), իսկ 20:20-20:30-ի սահմաններում Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաև 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ): Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ժամը 20:31-20:40-ի սահմաններում ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ: Ադրբեջանական սադրիչ գործողությունների արդյունքում ՊԲ-ն կորուստներ չի ունեցել:

Ադրբեջանական կողմը հայտարարել է քաղաքացիական անձանց շրջանում երկու զոհի և մեկ վիրավորի մասին:

Դիտվել է՝ 12 անգամ