Նախարարը հայ դիվանագետների աշխատանքի արդյունք է համարում Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունները

12:10, Հնս 30, 2017


Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն արդյունավետ է համարում օտարերկրյա պետություններում Հայաստանի դեսպանների աշխատանքը: Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ընթացքում, պատասխանելով հայ դիվանագետների աշխատանքի արդյունավետության վերաբերյալ «Ծառուկյան» դաշինքի քարտուղար Վահե Էնֆիաջյանի հարցին, Էդվարդ Նալբանդյանն ընդգծեց, որ դեսպանություններն արդյունավետ են աշխատում, իսկ եթե լինում են թերացումներ, ՀՀ ԱԳՆ-ն դիմում է երկրի բարձրագույն ղեկավարությանը և համապատասխան որոշումներ լինում են:

Որպես հայ դիվանագետների արդյունավետ աշխատանքի օրինակ ՀՀ ԱԳ նախարարը նշեց Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում Արցախի հիմնախնդրի շուրջ հանդիպումների արդյունքները։  «Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացված որոշումները համահունչ էին այն ամենին, ինչ մինչև դրանց սկսվելն ասում էր Հայաստանի Նախագահը։ Կարծում եք՝ դա օդից ստացա՞նք։ Ո՛չ, դա մեր դիվանագետների աշխատանքն է։ Դա մենք ենք ասել, ոչ թե Ալիևը կամ Ադրբեջանի ղեկավարությունը։ Դա ասում են Հայաստանն ու Արցախը։ Դա են ասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները»,-  ընդգծեց Նալբանդյանը:

Նախարարը հավելեց, որ արցախա-ադրբեջանական շփման գծում ԵԱՀԿ դիտորդական հնարավորություններն ընդլայնելու, ինչպես նաև շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելու անհրաժեշտության մասին խոսել են ոչ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչները, և դրանց մասին միայն Վիեննայում ու Սանկտ Պետերբուրգում չէ, որ խոսվել է:

Պատգամավորի հարցին, թե ինչո՞ւ ամեն դեսպանության աշխատանքի մասին հրապարակավ մանրամասներ չեն տրամադրվում, Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ որևէ երկիր նման բան չի անում՝ անգամ եթե դեսպանի աշխատանքում թերացում է եղել: Նրա խոսքով՝ դեսպանների աշխատանքը վտանգի չենթարկելու համար նրանց գործունեությունը հրապարակային քննարկման չի ենթարկվում:

Դիտվել է՝ 22 անգամ