Դերասանուհի Մարիամ դավթյանի ծննդյան օրն է

10:50, Հնս 8, 2017


Ծնվել է 1973թ. հունիսի 8-ին, Մոսկվայում: Սովորել է Երևանի Ն.Ստեփանյանի անվան թիվ 71 միջնակարգ դպրոցում և Երևանի վոկալ-երգչախմբային երաժշտական դպրոցում: Բեմական առաջին քայլերն արել է Գեղագիտության ազգային կենտրոնի Ռ.Թումանյանի թատրոն-ստուդիայում` խաղալով մի շարք դերեր, այդ թվում` Ժ.Անույի «Անտիգոնե» (Անտիգոնե), Բ.Վասիլևի «Իսկ արշալույսները այստեղ խաղաղ են» (Չետվեռտակ) ներկայացումներում: 1991-95թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսորական, այնուհետև` դերասանական բաժնում: Ուսման հետ զուգահեռ, ինստիտուտի 2-րդ կուրսում, որպես դերասանուհի ընդունվել է «Մետրո» թատրոն` խաղալով Վ.Սարոյանի, Թ.Ուիլյամսի, Է.Հեմինգուեյի «Ուիլի, Թիթի, Ջիգ ու երեքն էլ մի աղջիկ» (Ուիլի, Թիթի, Ջիգ), Բ.Ռացեռի, Վ.Կոնստոնտինովի «Դիոգենես» (Միլեն) և այլ ներկայացումներում: 1996թ. խաղացել է Երազ-աղջկա դերը Վ.Սահակյան «Խաթաբալադա» ներկայացման մեջ: 1998թ. աշխատել է Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում: 1999թ. տեղափոխվել է Իսրայել, սովորել է Իսրայելի Կառավարման քոլեջի գրաֆիկական դիզայն ֆակուլտետում, այնուհետ աշխատել է դիզայն-ստուդիայում` որպես դիզայներ: Հետագայում հիմնել է սեփական դիզայն-ստուդիան: Մասնակցել է տարբեր թատերախմբերի ներկայացումներին: Նկարահանվել է կինոյում` խաղալով «Քրեական լրագրող» (2005թ., Իսրայել), «Հոգիս, հոգիս» (2006թ., Իսրայել) ֆիլմերում: 2007թ. վերադարձել է Հայաստան: 2007-09թթ աշխատել է «Երևան» ամսագրի վեբ-դիզայն ստուդիայում` որպես ստուդիայի ղեկավար: 2008թ-ից պայմանագրային հիմունքներով աշխատել է Երևանի տարբեր թատրոններում` խաղալով Ս.Կոսյանի «Կյանքը վանդակի կողքով» (Ջոյ), Մ.Իշխանի «Կիլիկիո Արքա» (Զաբել) բեմադրություններում: Նկարահանվել է նաև հեռուստասերիալներում: 2010թ-ից որպես դերասանուհի աշխատում է Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Նկարահանվել է Ս.Բաբայանի «Մի նայիր հայելուն»  (2009թ.), Վ.Չալդրանյանի «Ձայն Լռության» (2012թ.) ֆիլմերում: 2013թ. արժանացել է «Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության «Լավագույն դերասանուհի» մրցանակին` «Ձայն լռության» ֆիլմի համար:

Նյութը՝ avproduction

Դիտվել է՝ 40 անգամ