Քաղաքացիների նկատմամբ պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելու մասին հաղորդում է ստացվել

13:55, Հնս 6, 2017


ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքերի վերաբերյալ Երևան քաղաքի բնակչուհի Վ. Գ.-ի և ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդումների հիման վրա: Այս մասին  տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից:

Այսպես, համաձայն Վ. Գ.-ի հաղորդման, ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի աշխատակիցները 08.05.2017թ.-ին` անտեսելով Երևանի Մ. Ավետիսյան 2-րդ փողոցի 17Ա շենքում գտնվող բնակարանում փաստացի բնակվող Վ. Գ.-ի և հիշյալ տան սեփականատիրոջ միջև առկա քաղաքացիաիրավական վեճը, ինչպես նաև դրա վերաբերյալ համապատասխան դատական ակտի բացակայությունը, սեփականատիրոջ հետ կոտրել են հիշյալ բնակարանի դռան փականը և հարկադրանքի միջոցով Վ. Գ.-ին հեռացրել փաստացի իր տիրապետման տակ գտնվող տնից: Ոստիկանները վերջինիս բերման են ենթարկել բաժին` նրա նկատմամբ բռնություն գործադրելով, որի հետևանքով կինը մարմնական վնասվածքներ է ստացել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Վ. Գ.-ն Հատուկ քննչական ծառայությանը նաև հայտնել է, որ այդ ընթացքում կորել են իր բջջային հեռախոսն ու բնակարանի բանալիները: Բացի այդ,  Վ. Գ.-ն իր հաղորդմամբ հայտնել է նաև, որ դռան փականը կոտրելու հետևանքով բնակարանից կորել են այնտեղ պահվող կանխիկ գումարն ու իր թանկարժեք զարդերը: Գողության հիշյալ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում:

Մյուս քրեական գործը Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Հ.-ի հաղորդման հիման վրա: Վերջինս Հատուկ քննչական ծառայությանը հայտնել է, որ 15.03.2017թ.-ին «Արմավիր» ՔԿՀ-ի մի քանի աշխատակիցներ նույն հիմնարկի պատժախցերից մեկում մահակներով ծեծի են ենթարկել իրեն այն բանի համար, որ ինքը նախորդ օրը հայհոյանքներ է տվել ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկին: Դատապարտյալը հայտնել է նաև, որ շուրջ 7 օր գտնվել է պատժախցում, իսկ հիմնարկի բժիշկը, չնայած իր խնդրանքներին, ծեծի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներն այդպես էլ չի արձանագրել:

Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել են քրեական գործեր ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Դիտվել է՝ 45 անգամ