Հայաստանն օտարերկրյա կինոարտադրողի համար հետաքրքիր և շահեկան վայր է լինելու. նախարար

20:23, Հնս 5, 2017


Մշակույթի նախարարությունը որևէ կապ չունի «Հայֆիլմ»-ի մասնավորեցման հետ։ Այս մասին հունիսի 5-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը։

«Պետության համար «Հայֆիլմ»-ը պահելը բեռ չէ։ Երբ այն վաճառվել էր, արդեն սեփականատեր ուներ և գտնվում էր պետգույքի կառավարման վարչությունում, այսինքն` նոր որոշում չի եղել այն մասնավորեցնելու, միայն ցուցակներն են թարմացվել: Մշակույթի նախարարությունը որևէ կապ չունի դրա հետ: Մենք հիմա մշակում ենք կինոյի զարգացման հայեցակարգ, ըստ որի` կինոն պետք է զարգանա այնքան, որ մասնավորն էլ ներդրում անի` տեխնիկական միջոցներ բերեն Հայաստան, ստուդիաներ կառուցեն: Համաձայն օրենքի և այն պայմանների, որ մենք նախատեսում ենք, հնարավոր է, որ տարեկան հսկայական գումարների ներհոսք լինի` Հայաստանում ֆիլմեր նկարելու։ Մենք շատ շահեկան պայմաններ ենք առաջարկում»,- ասաց Արմեն Ամիրյանը:

Նախարարը նշեց, որ արտասահմանյան կինոնկարահանումների համար իրականացված ներդրումների 20 տոկոս վերադարձ կլինի և այդ գումարը կվերադարձվի նույն տարվա ընթացքում, որպեսզի այն ևս ծախսվի Հայաստանում:

«Շահեկան պայմաններ ստեղծելով` մենք կարող ենք շահագրգռել նաև ներդրողներին, մասնավոր ընկերություններին, որպեսզի ստեղծվի արտադրական բազա։ Այս ամենից առաջ մենք մտածում ենք կրթական համակարգի մասին, որովհետև այսօր մենք ֆիլմարտադրության շատ ցածր մակարդակ ունենք: Եթե կան էլ որակյալ մասնագետներ, ապա նրանք չեն տիրապետում օտար լեզուների, ուստի նախատեսում ենք իրականացնել երկամյա դասընթացներ` անգլերեն լեզվով: Այսինքն` մի քանի ուղղություններ կան, որոնց վրա պետք է աշխատել` կրթական դաշտը կարգավորել, օրենքով կարգավորել արտասահմանյան ներդրումների դաշտը»,- շեշտեց ՀՀ մշակույթի նախարարը:

Կինոկենտրոնի ճակատագրի վերաբերյալ Արմեն Ամիրյանը որևէ գնահատական չտվեց: «Շատ շուտով կլսեք ֆիլմի հանձնակատարի ինստիտուտի ստեղծման մասին, որը կոչված է ապահովելու համար այն խնդիրների լուծումը, ինչի մասին ես արդեն իսկ բարձրաձայնեցի։ Երբ այս ամենը լինի, արտասահմանյան կինոարտադրողների համար Հայաստանը լինելու է հետաքրքիր և շահեկան վայր»,- ասաց Ամիրյանը:

Դիտվել է՝ 22 անգամ