«Ավրորա»-ի շնորհիվ շատ երկրներ իմացան Հայոց ցեղասպանության մասին

19:48, Մայիս 27, 2017


Նյու Յորքի Կարնեգի կորպորացիայի նախագահ, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր  եւ «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Վարդան Գրեգորյանը կարծում է, որ մարդիկ իրենց օրինակով պետք է ցույց տան, որ հասարակության, մարդկության համար են, այլ ոչ թե լոկ իրենց շահերի: այս մասին նա ասաց Aurora Dialogues քննարկումների շրջանակում լրագրողների հետ զրույցում:

«Ցավում եմ, որ այնպիսի օրեր ենք ապրում, որ մարդիկ ոչնչի չեն հավատում, որովհետեւ նրանց դավաճանել են, խաբել են, նրանք այնքան հիասթափված են, որ չեն հավատում: Երբ որ այսպիսի վիճակում ենք,  ստեղծում ենք դատարկություն, որ  չի  լցվում որեւէ բանով: Ինչպես երեկ ասացի, մենք ներկայիս բանտարկյալներն ենք, ապագայի մասին  գաղափար չունենք, անցյալի մասին տեղեկություն չունենք, միայն զբաղված ենք մեր գործերով: Պետք է գաղափարական խորհուրդ ունենաս ինքդ քո մեջ, որը հավատ կբերի քեզ ինքդ քո հանդեպ»,-նշեց նա:

Հարցին, թե ինչ է կարծում այն մտահոգությունների մասին, որ Հայաստանը նման խնդիրներ ունենալով հանդերձ մեծ գումարներ է փոխանցում խնդիրներ ունեցող այլ երկրներին, Վարդան Գրեգորյանը պատասխանեց.

«Մենք հայերս միշտ ազգայնացրել եւ սահմանափակել ենք ինքներս մեզ, պետք է միջազգային ձեւով մտածել.  Կոնգոյում արդեն խոսում են  Հայոց ցեղասպանության մասին, զբոսաշրջիկները, ովքեր երբեք այստեղ չեն եկել, գալիս են, արտասահմանի հայերն ասում են, որ օտարները նույնիսկ ճանաչում են մեզ: Մենք սահմանափակվել  ենք մեր մեջ եւ կարծում ենք, որ բոլորը  պետք է օգնեն մեզ, բայց, նախևառաջ մենք մեզ պետք  է օգնենք: Ես, որ գալիս եմ Հայաստան, տեսնում եմ կազինոները: Մեկը չի քննադատում՝ ինչու են այդքան կազինո կառուցել պալատի նման:  Այո, Հայաստանն առաջադիմել է,  շատ խնդիրներ էլ ունի, բայց փոխանակ կազինո կառուցեն, դրանց  հիսուն տոկոսը  թող գնա դպրոցներին»,-ասաց Վարդան Գրեգորյանը՝ հավելելով, որ շատ հպարտ է  աշխարհի տարբեր ծայրերից մարդկանց Հայաստան բերելու համար:

Դիտվել է՝ 20 անգամ