Արգամ Աբրահամյանը հրաժարական է տվել Արտաշատի քաղաքապետի պաշտոնից

16:41, Մայիս 16, 2017


Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը վայր է դնում քաղաքապետի լիազորությունները: Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում գրառում է կատարել Արգամ Աբրահամյանը:

Նա նշել է, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնում աշխատել է մեծ նվիրումով և պատասխանատվությամբ` եռանդ չխնայելով արտաշատցիներին տված խոստումները կատարելու և Արտաշատն ավելի գեղեցիկ և հարմարավետ դարձնելու համար:  «Չեմ պնդի, որ իրականացրել եմ բոլոր ցանկություններս ու երազանքներս մեր քաղաքի համար, բայց շատ բան արվեց իմ և արտաշատցիների համատեղ ջանքերով: Վայր եմ դնում քաղաքապետի անչափ պատասխանատու լիազորություններս, նոր` ավելի ծանր պատասխանատվություն ստանձնելու Ազգային ժողովի պատգամավորի մանդատով սեփական քաղաքիս, մարզիս և պետությանս ծա ռայելու համար: Շնորհակալ եմ Արտաշատի քաղաքացիներին` համատեղ աշխատանքի համար, շատ բան սովորեցի ձեզանից, իմաստացա և նորովի ընկալեցի կյանքը: Շնորհակալ եմ, որ գնահատեցիք իմ նվիրումն ու աշխատասիրությունը, և խորհրդարանական ընտրություններին ինձ ևս վստահեցիք ձեր քվեն, որի պատիվը, խոստանում եմ` բարձր կպահեմ Ազգային Ժողովում: Վայր եմ դնում Արտաշատի քաղաքապետի լիազորություններս, բայց չեմ հեռանում Արտաշատից, այլ` օգտագործելու եմ նոր լիազորություններս արդեն ոչ միայն Արտաշատի, այլ` մեր Արարատի մարզի և Հայաստանի առջև կուտակված խնդիրները լուծելու հ ամար»,- գրել է Արգամ Աբրահամյանը:

Ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով Արգամ Աբրահամյանն Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» դաշինքի տարածքային ցուցակով: Արարատի մարզում Արգամ Աբրահամյանի օգտին քվեարկել էր 34 415 ընտրող:

Դիտվել է՝ 27 անգամ