ՀԱԿ-ն ընտրություններում պարտությունը համարում է պատվաբեր և խոստանում է նույն ոգով շարունակել պայքարը

16:43, Մայիս 5, 2017


«Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը շարունակելու է նույն ոգով աշխատել և շարունակել պայքարը` չնայած այն հանգամանքին, որ ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով խորհրդարան չի անցել: Մայիսի 5-ին խորհրդարանական ճեպազրույցների շրջանակում այս մասին ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Մենք չենք կարող հաշտվել Հայաստանում առկա իրողությունների հետ և նույն ոգով շարունակելու ենք մեր պայքարը»,- նշեց Զուրաբյանը:

Զուրաբյանը համեմատություն անցկացրեց կանադացի պրոֆեսիոնալ հոկեյիստների և ՀԱԿ-ի միջև: Նրա խոսքով` կանադացի հոկեյիստները միշտ խաղում են մինչև վերջ` անգամ եթե 0-7 հաշվով պարտվում են մրցակցին: «Մեր դեպքում, մենք, այո, պարտվել ենք ընդամենը մի խաղում, մի ճակատամարտում: Բայց կարող եմ ասել, որ մենք կարգին չենք էլ պարտվել, որովհետև, երբ խաղը հավասար չէ, ոտքերիդ շղթաներ են հագցնում և այդպես ստիպում են խաղալ, այդ դեպքում պարտվելն ամոթ ու նվաստացուցիչ չէ: Ես կասեի նույնիսկ նման պարտությունը պատվաբեր է, որովհետև հակառակ անհավասարությունների, մե նք մեր կռիվը տվեցինք և շարունակելու ենք տալ»,– հավելեց ՀԱԿ խմբակցության ղեկավարը:

Խորհրդարանում վերջին ասուլիսի ընթացքում Լևոն Զուրաբյանը նաև հակիրճ հիշեցրեց, թե անցած 5 տարում խորհրդարանում ինչպես է աշխատել ՀԱԿ խմբակցությունը: «Ես կարծում եմ, որ ՀԱԿ-ի մուտքն Ազգային ժողով էապես փոխեց քաղաքական մթնոլորտը Հայաստանում, Ազգային ժողով մտավ հակամարտության և պայքարի ոգին, լուրջ քաղաքական գործընթացների ոգին: Մենք ընդամենը 7-հոգիանոց խմբակցությամբ մտանք խորհրդարան, բայց կարողացանք մեր շուրջ համախմբել խորհրդարանի բավականին մեծ թվով պատգամավորների: Մեր վճռական գործողությունների արդյունքում հնարավոր եղավ հասնել նրան, որ ոչ իշխանական ուժերը միավորվեցին հայտնի «հրաշալի քառյակ»-ի մեջ: Այդ քառյակը, ինչքան էլ հիմա քննադատենք ու ասենք, որ կարողացավ սահմանափակ քանակով խնդիրներ լուծել, այնուամենայնիվ, լուրջ գործընթացներ տարավ, լավ էլ նեղեց իշխանությանը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ հասնել կառավարության հրաժարականին»,- հիշեցրեց Լևոն Զուրաբյանը:

Նա նաև շնորհակալություն հայտնեց լրատվամիջոցների ներկայացուցիչներին անցած 5 տարիների ընթացքում համատեղ աշխատանքի համար: Զուրաբյանն ընդգծեց, որ այդ համատեղ աշխատանքի նպատակը մեկն է եղել` հանրությանը հասցնել ճիշտ և օբյեկտիվ ինֆորմացիա երկրում տիրող իրողությունների վերաբերյալ:

Դիտվել է՝ 18 անգամ