Հնդկաստանի փոխնախագահը Ծիծեռնակաբերդում հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

13:10, Ապր 25, 2017


Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ուղեկցությամբ ապրիլի 25-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հնդկաստանի փոխնախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ ու խոնարհումով հարգեց Սուրբ նահատակների հիշատակը։

«Սա մի ողբերգություն է, որպես աննկարագրելի մի իրողություն, որ մարդիկ արել են մարդկանց հանդեպ»,- նշեց Հնդկաստանի փոխնախագահը:

ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Հնդկաստանի փոխնախագահին ներկայացրեց 20-րդ դարասկզբին մարդկության դեմ գործված մեծագույն ոճրի պատմությունը:   

Մոհամմադ Համիդ Անսարին եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Մեծ եղեռնը հավաստող փաստաթղթերին և դիտեց ցուցանմուշները։ Նա պատվո հյուրերի հուշամատյանում կատարեց հետևյալ գրառումը. «Այս հուշահամալիրը հանդիսավոր կերպով վկայում է այն հայերի մասին, ովքեր սարսափելի բռնության են ենթարկվել: Միայն խաղաղասիրության և հանդուրժողականության արժեքների շնորհիվ է, որ կարող ենք խաղաղ և ներդաշնակ ապագա կառուցելու հույս ունենալ»:

Այնուհետեւ Հնդկաստանի փոխնախագահը «Հիշողության պուրակում» ծառ տնկեց:

Համիդ Անսարին եռօրյա պաշտոնական այցով Հայաստան է ժամանել ապրիլի 24-ին: Այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի և ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Փոխնախագահ Մ. Համիդ Անսարին կհանդիպի նաև ԵՊՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և ուսանողների  հետ, կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ՝ Մատենադարան:

Դիտվել է՝ 25 անգամ