Բելգիայում կայացել են Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ

23:44, Ապր 24, 2017


Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ապրիլի 24-ին տեղի են ունեցել Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ: Այս մասին ն տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայկական եկեղեցում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակի արարողություն, որին ներկա էին բելգիահայ համայնքի հարյուրավոր նեկայացուցիչներ, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ, ՀՀ դիվանագիտական առաքելությունները՝ ողջ կազմով: Արարողությունից հետո միջոցառման մասնակիցները քայլերթ կատարեցին դեպի Բրյուսելի Հենրի Միշոյի անվան հրապարակ, որտեղ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարկոթողի մոտ տեղի ունեցավ հիշատակի միջոցառում և ծաղկեպսակների զետեղման արարողություն: Արարողությանը ներկա էին նաև Բելգիայի իշխանությունների ներկայացուցիչներ, տեղական վարչակազմերի ղեկավարներ, Բելգիայում բնակվող ազգային փոքրամասնությունները ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Բելգիայի օրենսդիր և գործադիր կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ցեղասպանություն վերապրած ազգերի՝ Բելգիայում գործող կազմակերպությունների ղեկավարներ, հայ համայնքի և եղեղեցական առաջնորդներ: ՀՀ դեսպանն իր խոսքում մասնավորապես ընդգծեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանն ուղղված մեր միասնական ջանքերն իրենց մեծ նպաստն են բերում նաև աշխարհում ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործում, ինչն այս օրերին առավել մեծ նշանակություն է ստացել հատկապես Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին:

Թաթուլ Մարգարյանը նշեց, որ Ցեղասպանության ճանաչման ավանդական քաղաքական պայքարն այսօր զուգակցվում է նաև իրավական և մշակութային ուղղությամբ աշխատանքով, վկայակոչելով հայ մեծ բարերար Քըրք Քրքորյանի հովանավորությամբ նկարահանված հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմը, որը Հայոց ցեղասպանության մասին տեղեկացվածության նոր ալիք բարձրացրեց:

Նույն օրը երեկոյան Բլյուսելի «Հայ տանը» տեղի ունեցավ հիշատակի համերգ»:

Դիտվել է՝ 17 անգամ