«Ապրիլի 24-ի հիշատակման պլատֆորմը» Ստամբուլում Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպել

23:19, Ապր 24, 2017


«Ապրիլի 24-ի հիշատակման պլատֆորմը» Ստամբուլում  Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման միջոցառում է կազմակերպել:

Այս մասին, տեղեկացնում է ozgursuz.org-ը:

«102 տարի եղավ, առերեսվեք»  խորագիրը կրող  միջոցառումը մեկնարկել է ապրիլի 24-ին` ժամը 19:15-ին, Թաքսիմի հրապարակի հարակից տարածքում:

Միջոցառմանը մասնակցել են Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներ,  քուրդ գործիչներ, ինչպես նաև արտասահմանից Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար Թուրքիա ժամանած հյուրեր:

Օսմանյան կառավարության կողմից իրականացված Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձեւերով եւ բազմաթիվ նահանգների ու միջազգային կազմակերպությունների որոշումներով: 1915թ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության մասսայական կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու ամբողջությամբ իրագործված ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Հայոց ցեղասպանությունն ընդունել են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են Եվրոպայի Խորհուրդը, Եվրա խորհրդարանը, ՄԱԿ-ի մի քանի հանձնաժողովներ, Եկեղեցիների համաշխարհային միությունը, Հարավային Ամերիկայի խոշորագույն կազմակերպություններից մեկի` ՄԵՐԿՈՍՈւՐ-ի խորհրդարանը եւ այլն:

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են շատ պետություններ. Առաջինը պաշտոնապես ընդունել է Ուրուգվայը 1965 թ.: Հայ ժողովրդի կոտորածը պաշտոնապես դատապարտել եւ ճանաչել են որպես ցեղասպանություն` ըստ միջազգային իրավունքի, հետեւյալ երկրները` Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեյցարիա, Շվեդիա, Ռուսաստան, Լեհաստան, Լիտվա, Հունաստան, Սլովակիա, Կիպրոս, Լիբանան, Ուրուգվայ, Պարագվայ, Արգենտինա (2 օրենք, 5 բանաձեւ), Վենեսուելա, Չիլի, Բոլիվիա, Կանադա, Վատիկան, Ավստրիա, Լյուքսեմբուրգ, Գերմանիա, Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգը, ԱՄՆ 45 նահանգներ:

Դիտվել է՝ 11 անգամ