Իսպանիայի Առնեդո քաղաքում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար է օծվել

20:47, Ապր 24, 2017


Իսպանիայի Առնեդո քաղաքում (Լա Ռիոխա) ապրիլի 22-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի տեղադրման և օծման արարողություն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից՝ հավելելով. «Խ աչքարը տեղադրվեց քաղաքի կենտրոնական «Santo Tomás» եկեղեցու բակում: Պաշտոնական արարողությանը մասնակցեցին Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը, Առնեդոյի քաղաքապետ Խավիեր Գարսիա Իբանյեսը, քաղաքային խորհրդի անդամներ, Իսպանիայի կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչներ, Իսպանիայում Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Շնորհք Աբեղա Սարգսյանը և Առնեդոյի հայ համայնքի ներկայացուցիչներ:

Քաղաքապետ Խավիեր Գարսիա Իբանյեսը, ինչպես նաև մյուս բանախոսները կարևորեցին հայկական խաչքարի տեղադրումն Առնեդոյում՝ ընդգծելով դրա խորհուրդը, գեղագիտական արժեքը, հայ-իսպանական բարեկամության ևս մեկ օրինակ հանդիսանալը:

Դեսպան Ադոնցն իր խոսքում նշեց, որ այս հուշարձանը, նվիրված լինելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, միևնույն ժամանակ կոչ է՝ ուղղված համայն մարդկությանը՝ դասեր քաղելու պատմության դառն էջերից և չկրկնելու անցյալի սխալները:

Դեսպանը նաև անդրադարձավ հայ համայնքի դերին՝ որպես կամուրջ հայ-իսպանական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում: Երախտիքի խոսքեր հնչեցին նախաձեռնության հեղինակների հասցեին»:

Դիտվել է՝ 8 անգամ