Վաղարշակ Հարությունյանի գնահատմամբ` ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմն ունի ավելի պատրաստված բանակ

18:34, Ապր 1, 2017


Հայկական կողմն ունի ավելի պատրաստված բանակ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Այս մասին նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը, Արցախն այսօր շարունակում են այն գործը, որը սկսել են 91 թվականից: Այն է՝ հզոր ու մարտունակ բանակ ունենալը:

«Այսօր սեղանին դրված են մադրիդյան սկզբունքները: Հայկական կողմն ասում է՝ Արցախի կարգավիճակի հարցը լուծվում է, նոր քննարկում ենք մնացածը: Ադրբեջանը դնում է խնդիր` ասելով` տվեք տարածքներ, նոր քննարկենք Արցախի կարգավիճակի հարցը: Թուրքիան էլ Ադրբեջանին աջակցում է տարածքների վերադարձի հարցում: Մենք գիտենք, որ Ադրբեջանի ասածը պարզապես խաբեություն է: Ադրբեջանը Ղարաբաղի հարցում չի ուզում գնալ որևէ զիջման: Հետևաբար, ներկա վիճակը դեռ երկար է շարունակվելու, Ադրբեջանն էլ շարունակելու է դիմել սահմանային սադրիչ գործողությունների: Հետևաբար , հայկական կողմի անելիքը  պետք է լինի շարունակել հզորացնել բանակը, ինչը և արվում է»,-ասաց Վաղարշակ Հարությունյանը: Նա հիշեցրեց, թե ապրիլյան պատերազմից հետո Ադրբեջանի սանձազերծած գործողություններն ինչպես հայկական կողմը կարողացավ նախապես բացահայտել ու կանխելով` արժանի հակահարված տալ: Վաղարշակ Հարությունյանն ընդգծեց, որ դա արված աշխատանքի ցուցիչ է:

«Մեր զինվորներն ավելի պատրաստված են, և սա է  հիմնական երաշխիքը, որ չլինի լայնածավալ պատերազմ: Խոսվում է այն մասին, թե որքան պետք է մեր երեխաները զոհվեն: Այո, դա շատ ցավալի է բոլորիս համար: Բայց հարցն այսպես է դրված, կամ պարտվում ենք, կամ էլ շարունակում ենք պայքարել` հզորացնելով բանակը»,-ասաց նա:

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի զորքերի շփման գոտում սանձազերծել են լայնածավալ ռազմական գործողություններ: Հայկական կողմը, ընդունելով հակառակորդի մարտահրավերը, անցել է պաշտպանական հակահարձակ գործողությունների, որոնց արդյունքում հակառակորդին հասցվել են հսկայական մարդկային եւ նյութական կորուստներ:

Քառօրյա պատերազմի հետևանքով թե հայկական, թե ադրբեջանական կողմը ունեցան զոհեր և վիրավորներ: Ապրիլի 5-ին կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, որը հնարավոր դարձավ Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի Զինված ուժերի շտաբի պետերի հանդիպման արդյունքում:

ԼՂ հակամարտության գոտում ապրիլյան լայնածավալ ռազմական գործողություններից հետո, Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն առաջին անգամ հանդիպեցին Վիեննայում: Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ արտաքին գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը մի շարք համաձայնություններ ձեռք բերվեցին ԼՂ հակամարտության վերաբերյալ: Մասնավորապես, նախագահները վերահաստատեցին հրադադարին և հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված իրենց հանձնառությունը: Հետագա բռնությունների վտանգը նվազեցնելու համար նրանք համաձայնեցին շփման գծում ամենակարճ ժամկետներում ավարտին հասցնել ԵԱՀԿ-ի հետաքն նության մեխանիզմների ներդրման աշխատանքները և ավելացնել հակամարտության գոտում միջազգային դիտորդների թվաքանակը՝ ընդլայնելով ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի լիազորությունները:

Հաջորդ հանդիպումը տեղի ունեցավ 2016թ. հունիսին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագների միջև Սանկտ Պետերբուրգում, որի ժամանակ վերահաստատվեցին Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունները: Մինչ օրս այդ պայամանավորվածությունները կյանքի չկոչվեցին: