ՀՀԿ պատգամավոր Շիրակ Թորոսյանը նախընտրական այս քարոզարշավն առանձնացնում է ուժերի կողմից ներկայացված հստակ ծրագրերով

16:53, Մրտ 22, 2017


ՀՀԿ պատգամավորության թեկնածու Շիրակ Թորոսյանը նախընտրական քարոզարշավի ընթացքը գնահատում է բնականոն ու բավականին քաղաքակիրթ: Այս ընտրություններն առանձնանում են նրանով, որ շատ հստակ քաղաքական պայքար է ընթանում, քաղաքական ուժերը ներկայացրել են հստակ ծրագրեր:  այս մասին մարտի 22-ին կայացած ասուլիսի ըն թացքում ասաց պատգամավորը:

«Ռեյտինգային ընտրակարգը հնարավորություն է տալիս, որ ընտրողները, ի դեմս ռեյտինգային թեկնածուների, ավելի մոտիկից ծանոթանան կուսակցությունների կողմից ներկայացված անձանց և կուսակցությունների գաղափարներին: Այս ընտրական ընթացքը կարևոր է այն առումով, որ կուսակցությունների գաղափարախոսությունը և անգամ առանձին դրույթներ քննարկման նյութ են դարձել լայն շերտերի համար»,-ասաց պատգամավորն ու հավելեց, որ այն մեծ առավելություն է, քանի որ ընտրողը, ավելի մոտիկից ծանոթանալով ներկայացված գաղափարներին ու ծրագրերին, իրական հնարավորություն կստա նա օբյեկտիվ ընտրություն կատարելու:

Շիրակ Թորոսյանի խոսքով՝ այս ընտրությունները տարբերվում են նախորդներից նրանով, որ տուրք չեն տալիս ցուցադրականությանը: Ռեյտինգային թեկնածուները իրականացնում են իրական քարոզարշավ՝ փորձելով բաց չթողնել որևէ ընտրողի, նրան հասցնել իրենց գաղափարները, ծրագրերը և ներկայացնել իրենք իրենց: Պատգամավորն ասաց, որ, չնայած տեղի ունեցած որոշ առանձին միջադեպերի, ականատես ենք լինում բավականին քաղաքակիրթ պայքարի: Դրանք չեն կարող որակական ազդեցություն ունենալ ընտրական գործընթացի վրա:

«Միջադեպերն անխուսափելի են: Կան մարդիկ, որոնք միշտ հակասություններ ունեն ուրիշների հետ: Եվ նախընտրական շրջանն այն պարարտ հողն է, երբ մարդկանց կենցաղային, անձնական կամ խմբակային հակասությունները նոր ուժ են ստանում քաղաքական ենթատեքստում և կարող են նման դրսևորումներ ունենալ: Ռեյտինգային ընտրակարգն այնպիսին է, որ տվյալ կուսակցության ներսում ևս կարող են հակասություններ լինել, բայց դրանք շոշափելի չեն և նվազագույն հնարավորն են, որ եղել են»,-ասաց Շիրակ Թորոսյանն ու հույս հայտնեց, որ նման դեպքեր այլևս չեն լինի:

Դիտվել է՝ 45 անգամ