Լուսինե Սահակյանը այդպես էլ չի հաշտվում սեփական մոր հետ

17:38, Մրտ 13, 2017


Հանրահռչակ համբավ ունեցող փաստաբան, Լուսինե Սահակյանի ոչ այնքան հայտնի գործողություններին բազմիցս ենք առիթ ունեցել անդրադառնալ։ Դրանցից առավել սահմռկեցուցիչը այն է, որ Լուսինկան (այդպես է նրան անվանում մայրը՝ Հերիքնազ Շիրինյանը) սեփական մոր հետ դատական վեճի մեջ է։
Նախորդ դատական նիստերում դատարանը հաշտության հնարավորություն էր տվել կողմերին, սակայն յուրաքանչյուր հաշտության առաջարկ մերժվել էր կողմերից մեկի կողմից։ Վերջին նիստում դատարանը հաստատված համարեց այն փաստը, որ կողմերի միջև հաշտություն կայանալ չի կարող։
Այդ նիստում Լուսինե Սահակյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայտնել է, որ իր վստահորդը ժառանգել է որոշակի դրամական միջոցներ, որը պատկանում է իրեն և եթե այդ գումարները վերադարձվեն իր վստահորդը դեմ չի լինի հաշտության գնալ։ Դատարանի ճշտող հարցին, թե ինչ գումարի մասին է խոսքը, հայցվորը պատասխանել է, թե, ըստ երևույթին, այն ժառանգության մասին է խոսքը, որը թողել է իր ամուսինը մահանալուց հետո, որից 85 տոկոսը (ամենայն հավանականությամբ 75 տոկոս․խմբ ) տրամադրվել է Հերիքնազ Շիրինյանին, իսկ 25 տոկոսը Լուսինե Սահակյանին։ «Դա ամուսնուս գումարն է բանկում եղել՝ որպես ժառանգություն»,- հայտնել է Շիրինյանը։
Հաջորդ խնդրահարույց հարցն այն է, որ Լուսինե Սահակյանը, ըստ իր շահերի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանի, կասկածի տակ է դնում մահացած եղբոր 21 տարեկան որդու իրական զավակը լինելու փաստը։ Հակառակն է պնդում տիկին Հերիքնազը՝ ասելով, որ այդ երեխայի մոր ամբողջ հղիության ընթացքում ինքը խնամել է ու օգնել, իսկ այնուհետև բոլոր փաստաթղթերով համոզվել, որ այդ երեխան պատկանում է իր մահացած զավակին։ Հայցվորի այն հարցին, որ եթե ապացուցվի երեխայի սերման փաստը, պատասխանող կողմը բացասական պատասխան տվեց։
Ըստ Շիրինյանի, Լուսինկան նման դիրքորոշում ունի, քանի որ չի ցանկանում, որ այդ վիճարկվող տանից մասնաբաժին հատկացվի այդ երեխային։ Հայցվորը պնդում է, որ այդ տունը կառուցվել է իր եղբոր տրամադրած գումարով, քանի որ իր ամուսինը գտնվելիս է եղել արտերկրում, իսկ նրանք ապրել են կիսախոնավ տանը։
Ամուսինը վերադարձել է արտերկրից, իսկ տիկին Հերիքնազը ամուսնուն ասել է, որ եղբայրն իրեն գումար է տվել տուն կառուցելու համար։ Ամուսինը առաջարկել է տունը կառուցել իր հայրական տան բակում, սակայն ինքը դեմ է եղել, քանի որ, ըստ նրա, այդ բակում մշտապես կռիվներ ու վիճաբանություններ են եղել։ Այնուամենայնիվ, այդ տունը կառուցվել է։ Եվ այժմ դատական վեճը ընթանում է հենց այդ տան շուրջ։
Տիկին Հերիքնազը այժմ ապրում է այդ տանը, սակայն այդ տան հետ կապված որևէ գործողություն չի կարող կատարել, քանի որ այդ տունը օտարվել է իր աղջկա անունով, որի մասին ինքը տեղյակ չի եղել։
Այնուհետև ամուսնու մահից հետո Հերիքնազ Շիրինյանը սկսել է գործընթաց ամուսնու ժառանգությունը ընդունելու ուղղությամբ և այդ ընթացքում պարզել է, որ ոչ միայն հողամասը, այլ նաև տունը չի պատկանում իրեն։ Նրան հասանելի են դարձել 10-12 տարի առաջ դատարանի կողմից վավերացված մի վճիռ, որից պարզ է դարձել, որ այդ տունը այլևս պատկանում է Լուսինե Սահակյանին։
Նիստը նախագահող դատավոր Սիմիզար Հովսեփյանը հարցրեց Հերիքնազ Շիրինյանին,- «Երբ իմացաք, որ օրինականացվել է Լուսինե Սահակյանի անունով, դիմեցի՞ք այդ դատական ակտը անվավեր ճանաչելու պահանջով»։
«Չէի իմացե,լ որ նման բան կա»։ Հաջորդեց հարցը՝ ե՞րբ էիք իմացել։ «Ռուբեն Սահակյանին ես ասեցի․․․․ Ես հասկանում էի, որ Լուսինկայիս հետ ինչ-որ բաներա կատարվում, շատ փոխված էր ինքը։ Հետո ես Ռուբեն Սահակյանին ասացի. «Ռուբիկ ջան, գիտես՝ ինչ տանջանքով պահված մեծացրած երեխաներ են, Լուսինկաս շատա փոխվել։ Իրա հետ մի հատ խոսա, խելքի բեր։ Հետո եկան մեր տուն, ես գիտեի, թե Սուրիկ ձյաձյայի անունովա հողամասը։ Հետո պարզվեց, որ այդ հողամասը Լուսինեի անունովա և Ռուբենը գիտեցել ա դրա մասին։ Ես էդտեղ իմացա։ Մահից հետո մի խոսքով (ամուսնու մահից․ խմբ)։ Իսկ տունը, չգիտեի, որ տունն էլ է սեփականացրել»:
Դատարանի այն հարցին, թե արդյոք հայցվորը ծանոթացե՞լ է գործի նյութերին տիկին Հերիքնազը պատասխանեց․ «Ծանոթացել եմ։ Միայն այնտեղ ասում են Կիվիրյան Արգիշտի պնդո՞ւմ եք, որ այդ տունը Լուսինե Սահակյանն է կառուցել։ Ինքն ասելա՝ պնդում եմ, պնդում եմ, պնդում եմ։ Չգիտեմ ես դա տեսա ու վատացա, այլևս չեմ կարող կարդալ այդ գործը»։
Ի դեպ, ի պաշտպանություն Հերիքնազ Շիրինյանի, դատական նիստերի դահլիճում էին գտնվում մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը և Բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը, ովքեր վաղուց են ճանաչում վերջինիս։
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 3-ին։
Նախկինում հայտնել էինք, որ փաստաբան Լուսինե Սահակյանը դեռևս 2004 թվականին դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարան և հանդես գալով որպես Երևանի Սևաստոպոլյան փողոցի 22-րդ տան բնակիչ, դիմումով հայտնել է, որ մշտական հաշվառված բնակվում է այդ տանը և հանդիսանալով այդ հասցեում գտնվող 720քմ. հողամասի մեկ երկրորդ բաժնի սեփականատերը` նշված հասցեում փաստացի իրեն են պատկանում նաև 311քմ. շինություններ և 34,6 գծամետր պարիսպ, որոնք, հանդիսանալով ինքնակամ կառույցներ, տիրապետվում և օգտագործվում են իր կողմից:
Ինչպես Լուսինե Սահակյանն է դատարանին հայտնել, վերոնշյալ ինքնակամ կառույցներն իրականացվել են ավելի քան տասը տարի առաջ, դրանցից բնակելի տան մի մասը կառուցվել է հարակից փողոցի 1-ին նրբանցքի թիվ 4 հասցեի 10,6քմ. հողամասի վրա: Ըստ դիմումատուի, 10,6քմ. հողամասը պետք է ճանաչվի որպես տիրազուրկ և ձեռքբերման վաղեմության ուժով դրա, ինչպես նաև ինքնակամ կառույցների նկատմամբ ճանաչվի իր սեփականության իրավունքը:
Դատարանն էլ, առանց ներգրավելու այդ տունը, հողամասը և այլ գույքը իրական տիրապետողներին, հատկապես Լուսինե Սահակյանի մորը` տիկին Հերիքնազ Շիրինյանին, տիրազուրկ է ճանաչել այդ գույքը և ճանաչել Լուսինե Սահակյանի սեփականությունը:
Մեր որոշ տեղեկություններով պարզվում է, որ Երևանի Սևաստոպոլյան փողոցի 22-րդ տան հողամասի մի մասը Լուսինե Սահակյանի ազգականների կողմից Արգիշտի Կիվիրյանին տրված լիազորագրով, նույն Արգիշտի Կիվիրյանը օտարել է իր կին Լուսինե Սահակյանին:

Լուսանկարը aravot.am-ի

Աղասի Անտոնյան

Դիտվել է՝ 2,615 անգամ